Մատչելիության հղումներ

Ֆաթիհ Թերիմ. «Սա ընդամենը ֆուտբոլ է, պատերազմ չէ»


Turkish Daily News օրաթերթը գրում է, որ շաբաթ օրը Երեւանում կայանալիք հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի հետ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի համար կլինի առաջին պաշտոնական խաղը Եվրոպայի 2008 թվականի առաջնության կիսաեզրափակիչից հետո:

Թերթը վկայակոչում է հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմին, ով օրերս Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է, թե սեպտեմբերի 6-ի հանդիպումը «ընդամենը խաղ է, այլ ոչ թե պատերազմ»:

«Մենք՝ ֆուտբոլիստներս, արագ ենք մտածում եւ գերադասում ենք արագ խաղալ, բայց եթե մեր ուսերին դնենք պատմության բեռը, դա կդանդաղեցնի, կավերի մեր խաղը», - ասել է Թուրքիայի ազգային հավաքականի 53-ամյա մարզիչը:

Թուրքիայում հիմա ակտիվ քննարկում են, թե արդյո՞ք երկրի նախագահ Աբդուլա Գյուլը պետք է մեկնի Երեւան: Խոսելով այդ խնդրի մասին` Թերիմն ասել է. - «Մեզ առանձնապես չի հետաքրքրում այդ վեճը: Իհարկե, մենք կարդում ենք մամուլը, հետեւում ենք քննարկումներին, բայց մեր հիմնական աշխատանքը ֆուտբոլն է»:

«Ֆուտբոլը ժողովուրդներին մերձեցնող գյուտ է, քաղաքական խնդիրները պետք է մնան ֆուտբոլային դաշտից դուրս», - ընդգծել է Թերիմը:

Ֆաթիհ Թերիմի համոզմամբ, ոչ մի բացասական բան Երեւանում չի պատահի: «Մենք մեր աստղն ու մահիկը կդնենք մեր կրծքին եւ մեր երկիրը կներկայացնենք, ուր էլ որ գնանք», - ասել է Թերիմը եւ հավելել. - «Ոչ մի բան չպատահեց, երբ մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները Երեւանում էին, այս անգամ էլ բան չի պատահի»:

Turkish Daily News-ը գրում է նաեւ, թե հավաքականը Երեւան կմեկնի ոչ ամենահզոր կազմով` մասնավորապես, բացակայելու են վնասվածքները չապաքինած Նիհաթ Քահվեչին, Համիթ Ալթինթոփը, Էմրե Ջյունջյորը եւ Սաբրի Սանօղլուն: Բացի այդ, հարցականի տակ է Սերվեթ Չեթինի, Մեհմեթ Աուրելիոյի, Էմրե Բելյոզօղլուի, Գյոքդենիզ Քարադենիզի եւ Մեհմեթ Թոփուզի մասնակցությունը:

Այդուհանդերձ, Ֆաթիհ Թերիմը հավատում է, որ խաղի որակից դժգոհելու առիթ չի լինի: «Մենք շատ ավելի դրամատիկ վիճակներում ենք եղել: Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչն անցկացրել ենք ընդամենը 13 ֆուտբոլիստով: Մենք՝ որպես թիմ, երբեք չենք ընկճվում: Հուսով եմ, որ մենք առավելագույնը կանենք այս իրավիճակում», - ասել է Թուրքիայի հավաքականի մարզիչը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG