Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրովը նմանություն չի տեսնում Հարավային Օսիայի ու Աբխազիայի եւ Ղարաբաղի միջեւ


«Հարավային Օսիայի եւ Աբխազիայի` մի կողմից, եւ Ղարաբաղի միջեւ` մյուս կողմից, նմանություն չկա», - երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստից հետո, որի ժամանակ ընդունվել էր հայտարարություն Կովկասում խաղաղությանը եւ համագործակցությանը նպաստելու հարցում Ռուսաստանի Դաշնության դերը սատարելու մասին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը:

«Սահակաշվիլիի ռեժիմը վերջին տարիների ընթացքում այնպիսի քաղաքականություն էր վարում, որը բերել էր նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խախտմանը: Վրացական կողմը պարբերաբար սադրանքներ էր գործում խաղաղ բնակիչների, խաղաղապահների հանդեպ», - շարունակեց Լավրովը` հավելելով. - «Ղարաբաղի շուրջ նման բան չի կատարվում. հակամարտող կողմերը չեն հրաժարվում բանակցություններից, եւ կողմերը մասնակցում են կարգավորմանն ուղղված աշխատանքներին: Այս պահին արդեն կա պայմանավորվածություն կարգավորման հարցերի մեծ մասի շուրջ: Մնացած մի քանի հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է: Ռուսաստանը շարունակելու է աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն հարցին ի պատասխան ընդգծեց, որ դեռեւս մինչեւ հարավօսական իրադարձությունները Հայաստանը բազմիցս նշել է, որ խնդիրը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, եւ շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը:

Ներկայացնելով արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարությունը` Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Մենք կոչ ենք անում կողմերին բանակցությունների եւ ողջունում ենք Մեդվեդեւ - Սարկոզի վեց կետից բաղկացած ծրագիրը»:

«Մենք բավարարված ենք ընդունված փաստաթղթի բովանդակությամբ», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարը: - «Այն ճիշտ շեշտադրումներ է անում եւ ճիշտ գնահատական է տալիս Վրաստանի գործողություններին Հարավային Օսիայում»:

Այսպիսով, ՀԱՊԿ-ի անդամ երկրները, երեկվա դրությամբ, թեեւ ընդգծել են, որ աջակցում են Ռուսաստանին, եւ քննադատել են Վրաստանի քաղաքականությունը, որեւէ բան չեն հայտարարել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG