Մատչելիության հղումներ

«Հրազդան» մարզադաշտը, գլխավոր տնօրենի պնդմամբ, լիովին պատրաստ է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 6-ին:

«Մարզադաշտը խաղի համար հարյուր տոկոսանոց պատրաստ է, - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է անվտանգության առումով մարզադաշտը գնահատել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությունը, որի ներկայացուցիչները երեկ են եղել «Հրազդան»-ում, Հակոբյանը նախ ցույց տվեց բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված զրահապատ ապակիներով օթյակները, եւ ասաց. - «Այդ մասով էլ է պատրաստ»:

Թուրքիայի ազգային հավաքականը Երեւան է ժամանելու ուրբաթ առավոտյան, իսկ երեկոյան նրանք առաջին եւ միակ մարզումը կանցկացնեն «Հրազդան» մարզադաշտում:

Հայաստանի հավաքականը մարզումներն այստեղ սկսել է չորս օր առաջ:

Հավաքականի գլխավոր մարզիչ, դանիացի Յան Պոուլսենը, իր խոսքով` «իրատեսական լավատես է»:

«Մենք փորձում ենք լավ նախապատրաստվել այս խաղին: Որպես հավաքականի մարզիչ, ես չեմ պատրաստվում խոսել ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության մասին: Ինձ մնում է լավ մթնոլորտ ստեղծել եւ տակտիկական խնդիրները լուծել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այս պահի դրությամբ մենք լավ մարզավիճակում ենք»:

«Մենք պետք է աշխատենք անակնկալ մատուցել: Հայաստանի հավաքականը միանգամայն ի զորու է ֆավորիտին անակնկալ մատուցել», - շարունակեց նա` նկատի ունենալով, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Թուրքիայի հավաքականը 10-րդ տեղում է, իսկ Հայաստանինը` 98-րդ:

Հայաստանի հավաքականի փորձառու կիսապաշտպան Համլետ Մխիթարյանի վստահեցմամբ, հավաքականի անդամները շաբաթ օրը մարզադաշտ են դուրս գալու, ինչպես միշտ` հաղթելու համար: - «Բոլորն էլ պատրաստ են: Ձգտելու ենք միայն հաղթանակի»:

Հավաքականի մեկ այլ անդամի` Ռոբերտ Արզումանյանի կարծիքով, Թուրքիայի նման դժվարին մրցակցին էլ կարելի է հաղթել:

«Ֆուտբոլ է. եթե հիշենք քաղաքականությունը, չենք կարողանա խաղալ», - հավելեց նա: - «Ինձ մեր խաղն է հետաքրքում. եթե մենք լավ խաղանք, իրենց թույլ կողմերն էլ կերեւան, ուժեղ կողմերն էլ չեն կարողանա օգտագործել… Վստահ եմ, որ կհաղթենք»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG