Մատչելիության հղումներ

Գյումրու քաղաքապետը կողմ է հայ-թուրքական սահմանի չբացառվող վերաբացմանը


Օգոստոսի վերջին սկսված Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, թեեւ պարզ չէ կվերագործարկվի՞ երկաթգիծը, թե՞ ոչ:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով 2000 թվականին Կարս մեկնած պատվիրակության կազմում է եղել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միանշանակորեն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը:

«Ո՞նց կարող է Գյումրին չուզենա, որ ճանապարհը բացվի: Կամ ո՞ր հայը չի ուզենա, որ գնա իր պապերի երկիրը տեսնի», - ասաց նա: - «Այն ժամանակ [2000 թվականին] Ղարսի քաղաքապետը, Ղարսի բնակչությունը եւ նահանգի ժողովուրդը սրտանց ուզում էր, որ ճանապարհը բացվի… Եվ մեր կառավարությունը այդ ժամանակ եւս կողմնակից էր ճանապարհի, սահմանի բացմանը: Բայց այնտեղ [Կարսում], ասում էին, որ «դա մեզանից կախված չէ, մեր կառավարության խնդիրն է»: Այսօր մենք լսում ենք, որ ճանապարհը պետք է բացվի... տա Աստված, որ բացվի»:

«Մենք ճակատագրի բերումով հարեւաններ ենք», - ասաց նա` հավելելով. - «Ես մի բան գիտեմ, որ հարեւանի հետ պետք է հաշտ ապրել»:

Գյումրիի քաղաքապետը չբացառեց նաեւ, որ սահմանի բացմամբ 2000 թվականին Գյումրի եւ Կարս քաղաքների միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը գործնական փուլ մտնի:

Օգոստոսի վերջին սկսված վերանորոգման աշխատանքները կապված էին սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը թուրք երկրպագուների հնարավոր ժամանման հետ:

Այս պահին Գյումրի - Կարս երկաթուղու վերաբացման վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG