Մատչելիության հղումներ

logo-print

Նիկարագուան ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը


Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է իր երկրի կառավարության կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել է Նիկարագուայի արտգործնախարարի տեղակալ Մանուել Կորոնել Կլաուտսը, երկրի զինված ուժերի ստեղծման 29-ամյակի կապակցությամբ երեքշաբթի օրը ելույթ ունենալով զինծառայողների առջեւ` նախագահ Օրտեգան ասել է, թե «Նիկարագուայի կառավարությունը ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, ինչպես նաեւ լիովին սատարում է Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը, որը եվրոպական երկրների հետ երկխոսության ճանապարհով զինված հակամարտության խաղաղ կարգավորման ջանքեր է գործադրում»: Օրտեգան նաեւ քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին‘ նրանց վերագրելով Ռուսաստանը ռազմական շրջափակման մեջ առնելու եւ մասնատելու ձգտում:

Մանուել Կորոնել Կլաուտսը ռուսաստանյան գործակալությանը հայտնել է, որ նախագահի ցուցումով արտգործնախարարությունը սկսել է պատրաստել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը պաշտոնապես ճանաչող փաստաթղթերը:

Փոխարտգործնախարարը հավելել է, որ պետության ղեկավարի որոշումը մոտ ապագայում պետք է հաստատվի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG