Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում 3,5 տարվա ազատազրկման պատիժն է կրում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, արդարադատության նախարարության քրեակատարողան վարչության որոշմամբ, վաղը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը, Արման Բաբաջանյանը այսօր ենթարկվել է լրացուցիչ բժշկական քննության, նրան զննել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:

Ու թեեւ Բաբաջանյանի մոտ հայտնաբերված հիվանդությունների (հետտրավմատիկ էնցեֆալոպատիա, վեգետաանոթային դիստոնիա եւ եզակի սիմպատոադրենալային կրիզներ) բուժումը, պրոֆեսորի եզրակացության համաձայն, հնարավոր է իրականացնել նաեւ քրեակատարողական հիմնարկում, քրեակատարողական վարչությունը, այդուհանդերձ, որոշել է Արման Բաբաջանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Թե կոնկրետ որ հիվանդանոց կտեղափոխվի Բաբաջանյանը, կորոշվի վաղն առավոտյան:

Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ երկուշաբթի օրը այցելել է Արման Բաբաջանյանին: «Նա արյան ճնշման տատանման հետ խնդիրներ ունի եւ արյան շրջանառության խանգարում, որը իր մոտ առաջացնում է ցնցումներ», - ասաց Փոստանջյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG