Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը այցելում է Բաքու


Այսօրվանից սկսվում է Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնիի այցը Բաքու:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` նախագահ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանցի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Չեյնիի հանդիպումների ընթացքում առանցքային թեմաներից մեկը կլինի Վրաստանում ստեղծված իրավիճակը:

Բաքվում Դիք Չեյնին քննարկելու է նաեւ ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

Միացյալ Նահանգների փոխնախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Չեյնին ընդգծելու է էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության կարեւորությունը եւ շնորհակալություն է հայտնելու Ադրբեջանին հակաահաբեկչական կոալիցիային անդամակցելու, մասնավորապես` Իրաք եւ Աֆղանստան ստորաբաժանումներ ուղարկելու համար:

Բաքվից ԱՄՆ-ի փոխնախագահը մեկնելու է Թբիլիսի, որտեղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ խոսելու է ռուս - վրացական ռազմական բախումներից հետո ստեղծված իրավիճակի մասին եւ իր աջակցությունն է հայտնելու Վրաստանի ղեկավարներին:

Միացյալ Նահանգները Ռուսաստանին դատապարտել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու համար:

Հինգշաբթի երեկոյան Չեյնին Թբիլիսիից կմեկնի Կիեւ, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ:

Ուղեւորության ավարտին ԱՄՆ-ի փոխնախագահը կայցելի Իտալիա, որտեղ կմասնակցի Ամբրոսետիի խորհրդաժողովին եւ իր ելույթում կխոսի Տրանսատլանտյան դաշինքի առջեւ ծառացած մարտահրավերների մասին:

Գալիք երկուշաբթի օրը Դիք Չեյնին Հռոմում կհանդիպի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG