Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյան. «Ամոթ կլինի մեզ, որ մեր երկրում մենք մեր խոսքը լսելի չդարձնենք»


Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասաց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի կապակցությամբ, որը սպասվում է սեպտեմբերի 6-ին (Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով գալու է դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը), Դաշնակցությունը «պատրաստվում է լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել»:

«Մենք պատրաստվում ենք լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել», - Մատենադարանի մոտ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Դաշնակցության կազմակերպած հանրահավաք-համերգից առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը` շարունակելով. - «Ցույց տալ մեր ժողովրդի տրամադրությունը, խոսքը: Ես գիտեմ, որ հակաքարոզչություն է տարվում, այդ հակաքարոզչությանը պետք է ես ճիշտ անդրադառնամ. եթե Ֆրանսիա է այցելում Թուրքիո նախագահը, եւ ֆրանսահայությունը ցույց է անում, եթե Հունաստան է այցելում եւ հունահայությունը, Հունաստանի քաղաքացիները ցույց են անում, ամոթ կլինի մեզ, որ մեր երկրում մենք մեր խոսքը լսելի չդարձնենք... Եվ զգացական այն մակարդակը, որ` քաղաքավարությունից հեռու է, որ կլինի վայրենություն, վայրենություն չպետք է անենք, պետք է անենք քաղաքական ակտ»:

«Մենք քաղաքական ուժեր ենք, մենք պետություններ ենք, ունենք ազգային խնդիրներ, շահեր, քաղաքականություն, ու այդ հարաբերության մեջ դրանք չի կարելի անտեսել», - շարունակեց նա: - «Անշուշտ, այդ խնդիրները չեն կարող պատճառ դառնալ, որ մենք չհարաբերվենք, բայց այդ հարաբերությունների գոյությունը չի կարող պատճառ դառնալ, որ մենք մեր խնդիրներից հրաժարվենք»:

Դառնալով բուն հանրահավաք-համերգին, հարկ է նշել, որ մասնակիցների մեջ շատ էին մարզերի բնակիչները: Նրանցից շատերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդեցին, որ իրենց ստիպելով են բերել:

«80 տոկոսը այդպես է եկել, ո՞վ չգիտի», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Մեկ այլ մասնակից ասաց, որ իրեն խնդրել է գալ իր հարազատներից մեկը` «որ իմանան, որ այդ մարդու հետ մարդ է եկել, որ գործից չհանեն»:

Կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը, ի պատասխան նրանց ասածները մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին, ասաց. - «Ով ինչ ասես, կարող է ասել... Ես էլ ասում եմ` սուտ են ասում ասողները»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG