Մատչելիության հղումներ

Դիք Չեյնին սկսում է ուղեւորությունը Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա


Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին այսօր սկսում է ուղեւորությունը նախկին խորհրդային երեք երկրներ` Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա:

Չնայած Ամերիկայի հարավային ափերին այս օրերին մոլեգնող հուժկու փոթորկին, որը սպառնում է բազմաթիվ ավերածություններ պատճառել, Միացյալ Նահանգների վարչախումբը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել այցի ժամկետները: «Այն կկայանա, ինչպես որ նախատեսել էինք», - երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն:

Ըստ այդմ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին կանգառը կլինի այսօր Թբիլիսիում:

Ավելի վաղ Financial Times պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների առաջին նպատակն է աջակցություն ցուցաբերել Վրաստանին, ապա աշխատել զսպել Ռուսաստանի փորձերը` Եվրոպայում եւ Եվրասիայում նոր սահմաններ գծելու եւ ազդեցության գոտիներ սահմանելու ուղղությամբ: «Այդ նպատակով փոխնախագահ Դիք Չեյնին ուղեւորություն կկատարի տարածաշրջանի առավել մեծ վտանգի տակ գտնվող երկրներ` Վրաստան, Ադրբեջան եւ Ուկրաինա», - ասել էր փոխպետքարտուղարը:

Չեյնին վրաց - ռուսական հակամարտության առաջին իսկ օրերին բավական խիստ հայտարարություններով էր հանդես գալիս Ռուսաստանի հասցեին:

«Մոսկվան Թբիլիսիի հանդեպ անարդար հարձակում է գործել, եւ մենք կաշխատենք մեր դաշնակիցների հետ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - հայտարարել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:

«Միացյալ Նահանգների թիվ երկու պաշտոնյայի այցը խոսում ուղերձ է, որը վկայում է, թե որքան լրջորեն է վերաբերվում պաշտոնական Վաշինգտոնը այս խնդրին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արեւմուտքում հայտնի փորձագետ Սթիվ Լուգվինը: - «Եթե Միացյալ Նահանգները մտահոգվում է աշխարհի այդ հատվածում եւ ընդհանրապես Արեւմուտքում իր ազդեցության մասին, ապա պետք է գործուն քայլեր ձեռնարկի: Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, նույնիսկ պետքարտուղարի այցը բավարար չեն, մինչդեռ Դիք Չեյնիի այցը լուրջ ուղերձ է եւ ընդգծում է, որ մտահոգությունները գալիս են ամենավերին օղակներից»:

Բացի այդ, փորձագետի խոսքով, ուշագրավ է այն հանգամանքը, որ նախկին Խորհրդային Միության երեք երկրներ է մեկնում հատկապես փոխնախագահ Չեյնին, որը Վաշինգտոնի վարչակազմի բոլոր վիճահարույց քայլերում աչքի է ընկել իր կոշտ դիրքորոշմամբ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG