Մատչելիության հղումներ

Ղարաբաղը նշում է իր անկախության հռչակման 17-ամյակը


Լեռնային Ղարաբաղը այսօր նշում է իր անկախության հռչակման 17-րդ տարեդարձը:

Իր շնորհավորական ուղերձում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, մասնավորապես, նշել է. - «17 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը ձեռնամուխ եղավ ազատ ու անկախ, ժողովրդավարական ու սոցիալական պետություն կառուցելու իր դարավոր երազանքի իրականացմանը: Դա մի դժվարին ճանապարհ էր, որը կարողացանք հաղթահարել մեր անկոտրում կամքի, միասնության ու համախմբվածության շնորհիվ: Արցախը դարձավ հայ ժողովրդի հաղթական ոգու վերածննդի խորհրդանիշ: Այսօր կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ ունենք հզոր ու մարտունակ բանակ, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, համաչափ զարգացող երկիր, որը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը: Մենք պարտավոր ենք իրականություն դարձնել մեր նահատակների նվիրական երազանքը` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ սերունդներին թողնել հզոր ու անկախ, խաղաղ ու բարգավաճ հայրենիք: Վստահ եղեք, դա ժամանակի հարց է»:

«Պետք է բոլորը գիտակցեն մեկընդմիշտ. Արցախի անկախությունը այլընտրանք չունի եւ սակարկության ենթակա չէ», - իր ուղերձն ամփոփում է չճանաչված հանրապետության նախագահը:

«Հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ազգային-ազատագրական պայքարի ելած արցախահայությունը եւս մեկ անգամ աշխարհին ապացուցեց, որ միակամ ու վճռական է տասնամյակներ ի վեր պարտադրված օտար լուծն անպայման թոթափելու եւ բաղձալի ազատության հասնելու իր ձգտումներում», - ասված է Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձում:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր։ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի։ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում:

Տիգրան Թորոսյանը անցած 17 տարիները Լեռնային Ղարաբաղի համար բնութագրել է որպես «ոչ միայն խիզախումի ու սխրանքի, այլեւ հակառակորդին խաղաղության պարտադրման, պետականության կայացման ու արարումի տարիներ»:

Տարեդարձին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով այսօր Ղարաբաղ է մեկնում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆինանսների, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձին է նվիրված նաեւ այսօր երեկոյան Երեւանի Մատենադարանին հարող տարածքում Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG