Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատավարությունը:

Ջհանգիրյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված գործով կալանքի տակ է փետրվարի 24-ից: Սկզբնապես նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածով` «ապօրինի զենք», որը այնուհետեւ փոխարինվեց 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», որն էլ, իր հերթին, հետագայում փոխարինվեց 316 հոդվածով` «պետական իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն»: 316 հոդվածի առաջին մասով սահմանված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատական նիստը նախագահող Ժորա Վարդանյանին այդպես էլ չհաջողվեց սկսել դատաքննությունը: Պաշտպանական կողմը չորս միջնորդություն ներկայացրեց, որոնցից երկուսը մերժվեցին, մեկի քննությունը հետաձգվեց, երրորդի համար որոշում կայացնելու նպատակով էլ դատավորն անցավ խորհրդակցական սենյակ մինչեւ վաղը:

Երեք միջնորդությունը պաշտպանական կողմը նախապես էր պատրաստել, չորրորդը կատարվեց` ելնելով դատարանի դահլիճում ստեղծված իրավիճակից: Այն պահին, երբ դատարանի դահլիճ հրավիրվեցին գործով տուժող ճանաչված` ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ Տիգրան Աղվանյանը եւ Արման Հարությունյանը, ովքեր Գագիկ Ջհանգիրյանին եւ նրա եղբորը փետրվարի 23-ին բերման էին ենթարկել, դահլիճից անհարգալից արտահայտություն հնչեց Հարությունյանի հասցեին, ով երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինն է: Հարությունյանը, առանց դատարանին դիմելու, անմիջապես արձագանքեց հայհոյանքներով, որոնք շարունակվեցին նաեւ այն ժամանակ, երբ դատարանի կարգադրիչների ծառայության աշխատակիցները դուրս էին ուղեկցում նրան:

Պաշտպանական կողմը միջնորդեց դիմել դատախազին` տուժողի նկատմամբ քրեական գործ հարուցելու «դատարանի դահլիճում թույլ տված խուլիգանական հայհոյանքների համար»:

Միջնորդությունը քննության առարկա չդարձավ, եւ պաշտպանական կողմն անցավ մյուս միջնորդություններին: Օրենքի խախտման վերաբերյալ մեկ տասնյակից ավելի հիմնավորումներ ներկայացնելուց հետո Գագիկ Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջեց, որպեսզի դատական նիստը նախագահող Ժորա Հարությունյանը ինքնաբացարկ հայտնի: Այդ խախտումներից մեկը, ըստ պաշտպանի, այն է, որ դատավոր Վարդանյանի որդին ընդգրկված է եղել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ քննություն իրականացնող խմբի կազմում, իսկ դա նշանակում է, որ դատավորը չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել:

Ժորա Վարդանյանը ավելի քան մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո մերժեց միջնորդությունը:

Պաշտպանական կողմը օրենսդրությանը հղումներ կատարելով պահանջեց, որպեսզի դատարանում մեղադրանքը պաշտպանի գլխավոր դատախազը. այս միջնորդությունը մերժվեց անմիջապես: Հետո միջնորդեցին, որ մեղադրողներ Կորյուն Փիլոյանը, Հովսեփ Սարգսյանը եւ Լիլիթ Թադեւոսյանը ինքնաբացարկ հայտարարեն: Այս միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավորը խորհրդակցական սենյակ անցավ մինչեւ վաղը:

Այսօրվա նիստում տարածած գրավոր հայտարարության մեջ, իր իսկ բնորոշմամբ` «քաղաքական պատանդ, իրավաբանական գիտությունների թեկնածու» Գագիկ Ջհանգիրյանը, մասնավորապես, հետեւյալ գնահատականներն է տվել «Մարտի 1»-ի գործի առնչությամբ. - «Ուղիղ 6 ամիս է անցել մարտի 1-ի արյունալի դեպքերից: Մինչեւ այժմ պաշտոնապես չի պարզվել ու հայտարարվել խաղաղ ցուցարարների դեմ մարտական հրազեն ու հատուկ միջոցներ կիրառելու հրաման արձակած անձի ինքնությունը, եւ նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատվության չի ենթարկվել հրազեն եւ հատուկ միջոցներ գործադրած ստորաբաժանումների եւ ոչ մի ղեկավար անձ: Ոչ ոք չի մեղադրվել 10 սպանությունների, հարյուրավոր մարդկանց խեղելու, մարմնական վնասվածք հասցնելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու, կալանավորելու եւ դատապարտելու համար»:

«Իմ եւ իմ տասնյակ ընկերների փոխարեն այս մեղադրյալների աթոռներին նստած կլինեին անմեղ ժողովրդի վրա կրակածները, արյուն թափածներն ու իրական իշխանություն զավթածները», - հայտարարեց Ջհանգիրյանը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG