Մատչելիության հղումներ

Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, ձերբակալվածներ չկան


Մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ, այս պահի դրությամբ սպանության մեղադրանքով ձերբակալվածներ չկան: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված սեփական հետաքննության արդյունքները:

Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ իրենց համար մարտի 1-2-ի իրադարձությունների հիմնական պատկերն արդեն պարզ է:

«Ես կարող եմ հիմա քաղաքական գնահատական տալ, իրավականը կթողնենք մեր մասնագետներին: Քաղաքական գնահատականը հետեւյալն է. մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա սկզբում ջարդ` առավոտյան ժամը 6-ին, իսկ երեկոյան` սպանդ», - հայտարարեց Մուսինյանը: - «Այս վարչախումբը, տեսնելով, որ համաժողովրդական բողոքի ալիքը բարձրանում է, եւ վախենալով Սահմանադրական դատարանում իր համար ոչ ցանկալի վճռից, ըստ էության, այս ջարդի եւ այնուհետեւ սպանդի միջոցով կասեցրել է քաղաքական գործընթացները, երկրում մտցրել է արտակարգ դրություն եւ սկսել է տոտալ քաղաքական տեռոր ողջ հանրապետությունով մեկ` Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրների, կողմնակիցների, ակտիվիստների, նույնիսկ նրանց հարեւանների, տաքսու եւ միկրոավտոբուսների վարորդների, բոլոր հնարավոր ուղղություններով»:

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննությանը, ապա, ըստ Արման Մուսինյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված քրեական գործը ընդամենը դարձել է գործիք ընդդիմությանը ահաբեկելու համար. - «Եվ մինչեւ օրս էլ` արդեն 6 ամիս, ծառայում է նրան, որպեսզի մեր ընկերները շարունակեն պատանդ պահվել բանտերում, իսկ ընդդիմության նկատմամբ այս քրեական գործը ծառայեցնել որպես գործիք քաղաքական ռեպրեսիաների: Փորձում են իրենց վրայից հանել 10 մարդու գնդակահարության մեղավորությունը` 10 մարդու սպանության գործերով որեւէ լուրջ առաջխաղացում չկա, քննչական մարմինները, ըստ էության, փորձում են մոռացության մատնել այդ գործոնը»:

«Եթե նրանք գտնեն այդ փամփուշտն արձակած զինվորականին կամ ոստիկանին, այնուհետեւ պետք է, պարտավոր են հասկանալ` ով է նման հրաման տվել, եւ դա նրանց համար, այս քաղաքական իշխանության համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ, որովհետեւ այդ կծիկը կարող է բացվել եւ բարձրանալ մինչեւ ամենավերին օղակները», - ասաց Մուսինյանը:

Մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ սպանված 33-ամյա Դավիթ Պետրոսյանի կինը` Լիլիթ Դալալոյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ անցած 6 ամիսների ընթացքում դատախազությունից իրենց պարբերաբար կանչել են, ցուցմունքներ վերցրել. - «Բայց մենք մինչեւ հիմա ոչինչ չգիտենք, տեղեկություն չունենք, մեզ խոստացել են, որ որեւէ տեղեկություն լինելու դեպքում անպայման մեզ կհաղորդեն»:

«Եթե կա սպանություն, անպայման կա սպանող, եւ պիտի պատժվի սպանողը: Մարդասպանը չի կարող ազատ քայլել փողոցում», - ընդգծեց Լիլիթ Դալալոյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG