Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Արեւմուտքին կոչ է անում չսատարել Սահակաշվիլիին


Պաշտոնական Մոսկվան այսօր Արեւմուտքին կոչ է արել չսատարել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ զենքի էմբարգո սահմանել երկրի նկատմամբ` մինչեւ կառավարության փոփոխությունը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. - «Եթե Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները, ի վերջո, նախընտրեն ոչ թե իրենց ազգային շահերը, ոչ թե վրաց ժողովրդի շահերը, այլ նախընտրեն Սահակաշվիլիի ռեժիմը, որը որեւէ դաս չքաղեց, դա հիրավի պատմական մասշտաբների սխալ կլինի»:

Երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպում են Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները` քննարկելու ռուս - վրացական պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղիները:

Ըստ հաղորդագրությունների, Եվրամիության առաջնորդները, հավանաբար, կսատարեն Վրաստանին եւ Ռուսաստանից կպահանջեն զորքերը հետ քաշել պատերազմին նախորդած դիրքերը: Այդուհանդերձ, հավանական չի համարվում, որ Եվրամիությունը որոշի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հակադարձել, եթե Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանի:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, սակայն, այսօր վստահեցրել է, որ գագաթնաժողովի օրակարգում չկա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարց: Սոլանայի փոխանցմամբ` գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդներին հնարավորություն է ընձեռելու «գնահատել» Ռուսաստանի հետ Միության հարաբերությունները եւ հակամարտությունից հետո օգնություն ցուցաբերել Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG