Մատչելիության հղումներ

Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկը այս շաբաթ կքննարկվի նաեւ պաշտոնական Երեւանի հետ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հարցը քննարկվելու է Հայաստան թուրքական պատվիրակության այցի ժամանակ: Մինչ այդ, նախաձեռնությունը քննարկելու նպատակով վաղը Ստամբուլ կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը:

«Կովկասում ապրող ժողովուրդները ընդհանուր ապագա ունեն, ինչպես որ ընդհանուր է նրանց պատմությունը», - երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել. - «Մենք բոլորս պարտավոր ենք աշխատել այդ ապագան ձեւավորելու ուղղությամբ»:

«Երբ լռում են թնդանոթները, գալիս է դիվանագիտության ժամանակը: Այժմ կողմերից յուրաքանչյուրը պետք է առավել սառնասիրտ դիրքորոշում որդեգրի` տարածաշրջանում նոր լարվածությունից ու անհամաձայնությունից խուսափելու համար: Ինչպես ցույց է տվել պատմությունը` որեւէ մեկը այդ լարվածությունից չի շահում, փոխարենը` յուրաքանչյուրը ինչ-որ բան կորցնում է», - ասել է Բաբաջանը:

Կովկասում կայունություն եւ անվտանգություն ապահովելու նպատակով Թուրքիան առաջարկում է, որպեսզի տարածաշրջանի 5 երկրները` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, համապատասխան համաձայնագիր ստորագրեն: Ռուս - վրացական հակամարտության առաջին իսկ օրերին երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այդ առաջարկով մեկնել էր նախ Ռուսաստան, ապա Վրաստան: Պաշտոնական Անկարայի պնդմամբ` սա մի մեխանիզմ է, որը նպատակ ունի ամրապնդել հարեւան 5 պետությունների միջեւ համագործակցությունը, հատկապես` տնտեսության ոլորտում, եւ փոխշահավետ կապերի արդյունքում ստեղծել վստահության եւ անվտանգության մթնոլորտ:

Պաշտոնական Բաքուն նախորդ շաբաթ արդեն հայտնել էր իր սկզբունքային համաձայնությունը: Երեկ կայացած քննարկումներում այն պաշտպանել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Էկատերինե Տկեշելաշվիլին, սակայն` մեկ նախապայմանով. - «Ռուսական զորքերը պետք է լքեն Վրաստանը. մեզ համար դժվար է քննարկել համագործակցությունը, քանի դեռ Մոսկվան չի ապացուցել, որ վստահելի գործընկեր է»:

«Վրաստանի նկատմամբ իրականացված վերջին գործողությունները հստակորեն ցույց տվեցին, որ Ռուսաստանի զավթողական քաղաքականության պայմաններում Եվրոպան անվտանգ եւ բարգավաճ լինել չի կարող: Հենց այդ պատճառով Եվրոպան պետք է միասնական եւ խիստ քայլեր ձեռնարկի», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG