Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ»-ի, մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում գլխավոր դատաբժշկի պատասխանները «միայն տարակուսանք եւ ավելի մեծ կասկածներ են առաջացրել»: Անդրադառնալով «ժառանգություն» խմբակցության պատգամավորներին դիահերձարան չթողնելու փաստին` թերթը ենթադրում է. - «Այսինքն, Շոթա Վարդանյանը ակնհայտորեն շահագրգռված է եղել, որ որեւէ կողմնակի մարդ դիահերձարան մուտք չգործի, եւ որեւէ բան այնտեղ չտեսնի: Դրա ամենավառ ապացույցը հենց իր` Վարդանյանի խոսքերն են. «Այդ երեք օրում մենք հերձել ենք 30 եւ ավելի դիակ, հո մենակ էս 8 դիա՞կը չի եղել, տարբեր դեպքեր են եղել: Այս բոլորը երբ բերել են, ի՞նչ էր պետք, որ այն ժամանակ ասեին, թե դիահերձարանում կար 30-40 դիակ: Այստեղ քաղաքական մոտեցման հարց է եղել, որը ես արգելել եմ: Ես գիտեի, որ այդ օրը բոլորին էլ ասելու էին, որ սա էլ է դրանից մահացել: Ինչո՞ւ չեղած բանը վերցնենք եւ աղմկենք ամբողջ աշխարհով մեկ»:

«Հայոց Աշխարհ»-ը առանձնացնում է . - «Շոթա Վարդանյանը երեկ չբացառեց, որ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ընթացքում ութ զոհերից առնվազն երեքը կարող էր մահանալ «ոզնիներ» օգտագործելու արդյունքում։ Իսկ որ «ոզնիներ» ցուցարարները օգտագործել են ոստիկանների հետ Թատերական հրապարակում բախման ընթացքում, այդ մասին կան բազմաթիվ վկաների ու տուժածների ցուցմունքներ։ «Կարաբինի, սնայպերի, ատրճանակի կրակոցներ չեն եղել։ Միանշանակ է, որ ոստիկանները ստացել են հրազենային ու բեկորային վնասվածքներ։ Այսինքն՝ ցուցարարները օգտագործել են նռնակներ ու հրազեն»,- պնդեց կենտրոնի տնօրենը»։

«Չորրորդ իշխանություն»-ը, գրելով, թե ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը «բացահայտ արհամարհանքով էին պատասխանել հանձնաժողովի հարցերին», հավելում է. - «Ռեժիմը բացահայտ լկտիությամբ է աշխատում խորհրդարանական հանձնաժողովի հետ, եւ ամեն կերպ թաքցնում է փաստերը: Իսկ փաստերը, սովորաբար, թաքցնում են նրանք, ովքեր գիտակցում են, որ այդ փաստերի բացահայտումից հետո իրենք հայտնվելու են վանդակաճաղերի ետեւում»:

Անդրադառնալով սեպտեմբերի 5-ի հանրահավաքը հետաձգելու` Հայ ազգային կոնգրեսի որոշմանը, «Հրապարակ»-ը գրում է. - «Մի կողմից, այս հայտարարությունը նշանակում է, որ Կոնգրեսը, փաստորեն, սատարում է իշխանությանը եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանին` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասով: Մյուս կողմից` տարանջատվում է Դաշնակցությունից, նրա ձեռնարկելիք բողոքի ակցիաների նկատմամբ իր վերաբերմունքն է դրսեւորում: Երեկվա հայտարարությունը թերեւս կարելի է նաեւ որպես իշխանության հետ երկխոսության գնալու պատրաստակամություն դիտել: Մնում է, որ այդ պատրաստակամությունը գնահատվի մյուս կողմից, եւ հանդիպակաց քայլ արվի, ինչը կարող է արտահայտվել մարտի 1-ի կալանավորներին բաց թողնելով»:

Արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն ասել էր, թե Ռուսաստանի միջամտությունը հարավօսական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից, «Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Ինչպես երեւում է, Լեւոնի գործերը իսկապես վատ են: Դեռ երեկ նա ձեւացնում էր գունավոր հեղափոխության հնարավորությունը եւ մոտալուտ լինելը` պետդեպարտամենտի եղանակով: Իսկ այսօր նա արդեն ռուսամետ գործիչ է, որը ժամանակին ապահովել է ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում… Լեւոնը ցանկանում է Կրեմլի թեւի տակ մտնել, իսկ դա նշանակում է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վրա դրված բոլոր հույսերը փլուզվել են, ժամանակն է դեմքով շրջվելու դեպի Ռուսաստանը»:

Վարչապետի հայտարարության կապակցությամբ, թե հարեւան երկրում կատարվող իրադարձություններից մեր քաղաքացիների բնականոն կենցաղը չի խաթարվել, «Առավոտ»-ը գրում է - «Անշուշտ, վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքն այս օրերին ընթանում է առանց ցնցումների: Նրանց ծառայողական մեքենաներում բենզինը չի պակասել, եւ ժամերով հերթ չեն կանգնել»:

«Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծվող նոր կացության հետնախորքում բարդ գործընթացներ են ծավալվում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Այն իրականում Հարավային Կովկասում ձեւավորվող աշխարհաքաղաքական երկու նոր իրողությունների «հայելին» է։ Առաջինը ու, թերեւս, կարեւորագույնը, հայ-թուրքական դարավոր հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի մեջ Ռուսաստանի ակտիվ ու շահագրգիռ ներգրավման փաստն է»։

Իսկ սեպտեմբերի 2-ին կայանալիք Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների հանդիպման կաակցությամբ «Հրապարակ»-ը նկատում է. - «Սերժ Սարգսյանը զրույցի է կանչվել Թուրքիայի հետ շփումներ սկսելու առաջին զգուշավոր քայլերի նախօրեին: Ռուսաստանը Ամերիկայի հետ սառը պատերազմի տակ «պլիտա է վառել» եւ հիմա ցանկանում է իմանալ` այդ պլիտայի կողքի «կիպիտիլնիկը» հո իսկապե՞ս հարեւանություն չի ուզում անել ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ: Եթե Սերժ Սարգսյանը այս հարցում Ռուսաստանի վարչակազմին սպառիչ եւ բավարարող պատասխան չտա, կարող է վերադառնալուց անմիջապես հետո սուսուփուս արտահերթ ընտրություններ նշանակել»:

«Իշխանությունն ասում է ընդդիմությանը` հայրենասեր եղեք, տարածաշրջանում այս բարդ իրավիճակում գիտակցեք պետության շահերը, համախմբվեք ազգային խնդիրների շուրջ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր մի արեք, նախագահի հրաժարական մի պահանջեք… Բայց նույն իշխանությանը կարելի է հորդորել` հայրենասեր եղեք, ազատ արձակեք քաղբանտարկյալներին, ապահովեք ցույցերի եւ էլեկտրոնային լրատվամիջոցների ազատությունը, խնդիրներ մի ստեղծեք մեր երկրի առաջ միջազգային կառույցներում»:

«ԱԼՄ-ն չի վաճառվելու» վերնագրի ներքո «168 ժամ»-ը մեջբերում է հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանի խոսքերը. - «Ես փողի կարիք չունեմ ու չեմ էլ ունեցել, մենք խնդիր չունենք վաճառել մեր հեռուստաընկերությունը: Բայց եթե ոմանք ուզում են գնել, երազում են, հանգամանքներ են ստեղծում իբր թե ճնշման առումով, չեմ կարծում, որ կհասնեն իրենց նպատակին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG