Մատչելիության հղումներ

logo-print

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը դժգոհ է «պետական մարմնի աշխատանքից»


Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իր դժգոհությունը հնչեցրեց «պետական մարմնի աշխատանքից»` նկատի ունենալով իրավապահ որոշ կառույցներ:

«Առաջին անգամ ես իմ դժգոհությունն եմ արտահայտում պետական մարմնի աշխատանքից, հանձնաժողովի ուղղած հարցին պետական մարմնի նման պատասխանից: Սա մեզ չի բավարարում: Սա իմ տեսակետն է», - ասաց Նիկոյանը:

Հանձնաժողովը գլխավոր դատախազությանը եւ ոստիկանությանը մի շարք հարցադրումներով գրություններ էր ուղարկել: Դատախազությունից կամ գոնե Հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռեւս չէին ստացել: Իսկ ոստիկանությունը օգոստոսի 19-ին ուղարկած նամակին երեկ էր պատասխանել:

Ընդ որում, ասենք, հարցին, թե մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններին ներգրավված ոստիկանության աշխատակիցներից ում ինչ զենք կամ հատուկ միջոցներ են ամրակցվել, եւ խնդրանքին ներկայացնել անվանական ցուցակն ամբողջությամբ, ինչպես նաեւ մանրամասնել, թե կիրառված զենքերից կամ հատուկ միջոցներից յուրաքանչյուրից քանի փամփուշտ է կրակվել, ոստիկանությունը պատասխանել է, որ այդ բոլոր տեղեկությունները տրամադրվել են Հատուկ քննչական ծառայությանը:

Հարցին, թե ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տրվե՞լ է, եւ եթե այո, ապա ո՞ւմ կողմից, ստացվել է պատասխան, որ նման հրաման չի տրվել:

Հանձնաժողովը ոստիկանությունից խնդրել էր լրացուցիչ տեսանյութեր տրամադրել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ:

«Պատասխան` մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հանձնաժողովին ներկայացված տեսագրություններից բացի, ոստիկանությունը այլ տեսագրություններ չունի», - ստացված պատասխանն ընթերցեց Նիկոյանը` շարունակելով. - «Այն երկու րոպեանոց խղճուկ տեսագրությունից բացի, ոչինչ չունեն: Նման պատասխաններով, կարծում եմ, հանձնաժողովը երբեք չի կարող իր առջեւ դրված խնդիրները կատարել»:

Սամվել Նիկոյանը այսօրվա նիստում նաեւ ասաց, որ «հաշվի առնելով այն հսկայածավալ աշխատանքները, որ հանձնաժողովն ունի կատարելու եւ այն կարճ ժամանակը, որ մնացել է հանձնաժողովին… անհրաժեշտ է եւ շատ կարեւոր է, որեպսզի ստեղծվի անկախ մասնագիտական խումբը»:

Խոսքը փաստահավաք խմբի մասին է, որի ձեւավորման պահանջը նշված էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում: Նաեւ մեկուկես ամիս առաջ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն էր այդ պահանջը ներկայացրել Հայաստանի իշխանություններին` առաջարկելով նաեւ ընդգրկել միջազգային փորձագետների:

Սամվել Նիկոյանի խոսքով, փաստահավաք խումբը պետք է լինի անկախ, «փորձառու մասնագետներից կազմված», «ոչ քաղաքական»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հրավիրվելու են արդյո՞ք միջազգային փորձագետներ, Նիկոյանը պատասխանեց. - «Միանշանակ: Ես, իհարկե, դա համարում եմ շատ կարեւոր գործոն»:

Ի դեպ, առ այսօր չի հստակեցվել, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քանի ցուցարար է եղել: Իսկ այդ տվյալները «էական նշանակություն» ունեն ժամանակավոր հանձնաժողովի նախագահի համար:

«Որովհետեւ դրանից ես որոշելու եմ ոստիկանության գործողությունների համաչափությունը», - փաստարկեց նա: - «Այսինքն` եթե ցուցարարները 200-300 են, ոստիկանները եկել են 600-700-ով. ինչո՞ւ եք այսքան շատով եկել: Եթե 4 հազար են, ինչպես հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այ ոստիկաններ, բա ինչո՞ւ եք 700-ով եկել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG