Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Անդրադառնալով կառավարության երեկվա որոշմանը, որով քաղաքաշինական ծրագրերի համար Երեւանի կենտրոնի որոշ տարածքներ «բացառիկ գերակա շահ» են ճանաչվել, «Հրապարակ»-ը գրում է. - «Նորից վտարվող ընտանիքներ, նորից տուժած մարդիկ, գումարի շուրջ վեճեր, դատական քաշքշուկներ, ցույցեր. այսինքն այն, ինչից բոլորս լիուլի կուշտ ենք եւ վերջին տարիներին շատ ենք տեսել… Փաստ է, որ այս խելահեղ կառուցապատումից մեր կյանքն առանձնապես չի բարելավվում, չհաշված մի փոքր խումբ մարդկանց, որոնք առանց այդ կառույցների էլ վատ չէին ապրում: Փոխարենը խորանում է հասարակության պառակտումը, սոցիալական ճեղքվածքը, աճում է մարդկանց դժգոհությունը»:

Արձագանքելով ընդդիմության հասցեին վարչապետի երեկվա քննադատությանը, որը Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների օրինակները բերելով, ասել էր, թե «ծանր օրերին Հայաստանում համախմբում չեղավ», «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Կար ժամանակ, երբ Հայաստանը նույնպես պատերազմի մեջ էր, Տիգրան Սարգսյանն էլ այն ժամանակ ընդդիմություն էր: Հետաքրքիր է, այն ժամանակ ինչպե՞ս էր իրեն պահում ընդդիմությունը… Այն ժամանակվա ընդդիմությունը Ազատության հրապարակում կոկորդ պատռելով պահանջում էր անմիջապես կախաղան բարձրացնել Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»:

Անդրադառնալով կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե այն դասախոսները կամ ուսուցիչները, որ ուսումնական հաստատություններում կզբաղվեն քաղաքական քարոզներով, կազատվեն աշխատանքից, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանը սրանով հրահանգել է աշխատանքից ազատել անթաքույց ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներին ու դասախոսներին: Բայց եթե տեսականորեն պատկերացնենք, որ Տիգրան Սարգսյանն իրոք ուզում է անել այն, ինչի մասին հրահանգում է, ապա սա քայլ է` ուղղված Սերժ Սարգսյանի դեմ: Խնդիրն այն է, որ դպրոցների 99 տոկոսի տնօրեններն իշխանական կուսակցությունների, առավելապես Հանրապետականի անդամներ են, մեծ մասը ընտրական հանձնաժողովների նախագահներ կամ անդամներ են: Հենց նրանք են հիմնականում զբաղված ընտրակեղծիքներով եւ Սերժի միտինգների ժամանակ երեխաների ու ծնողների գլխաքանակներ ապահովելով»:

«Բենզինի մաֆիան շարունակում է իր «Դեֆիցիտ» ներկայացումը». այսպիսի վերնագրի ներքո ներկայացնելով Հայաստան ներկրվող բենզինի ծավալները, «Իրավունք»-ը գրում է. - «Միգուցե ներկրողները ավելի վատթար վիճակի են սպասում եւ փորձում են հնարավորինս խնայել պաշարները, միգուցե պարզապես փորձում են գերշահույթներ կորզել կամ նույնիսկ ինչ-ինչ տնտեսական եւ քաղաքական հարցեր լուծել: Իհարկե, կոնկրետ պատճառները եւս շատ կարեւոր են, բայց երբ երկրի ներսում շատ-շատերը, անգամ Ազգային ժողովի պատգամավորները եւ այդ կարգի անձինք են խոսում արհեստական դեֆիցիտի մասին, ապա թերեւս այդ խնդրի կապակցությամբ ճիշտ կլիներ, որ պետությունը, մասնավորապես, կառավարությունը ներկայացներ իր դիրքորոշում եւս եւ փորձեր պետականորեն տալ այս բոլոր հարցերի պատասխանը եւ հաղթահարել առկա ճգնաժամը»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, այս ճգնաժամը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանն ապրում է «կիսասոցիալիստական-կիսաֆեոդալական, օլիգարխիկ-մենաշնորհային ինչ-որ աննորմալ համակարգով»:

«Առավոտ»-ի հարցին ի պատասխան, թե «հնարավո՞ր է, որ փորձեք ԵԿՄ համագումարում հասնել վարչության նախագահի փոփոխության, բայց դուք չեք առաջադրվի այդ պաշտոնում», պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանում է. - «Իհարկե ոչ: Ես այդպիսի նպատակ չունեմ եւ երբեւիցե իմ գործունեության ընթացքում որեւէ մեկի դեմ չեմ աշխատել: Միշտ աշխատել եմ հանուն»:

Հիշեցնելով ապրիլին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի պահանջներից մեկը` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննության անցկացումը, «Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Պահանջ, որը Հայաստանի իշխանությունները, չնայած ներքին եւ արտաքին ուժգնացող ճնշումներին, համառորեն չեն կատարում` ըստ էության հստակ չգիտակցելով դրա աղետալի հետեւանքները, որոնք, անկասկած, չեն պարփակվելու միայն Եվրախորհրդում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելով»: Հրապարակման հեղինակների կարծիքով, չկատարել նշված պահանջը, «նշանակում է երկիրը վերածել քաոսի, արժանանալ քաղաքակիրթ աշխարհի արհամարհանքին, դատապարտվել մեկուսացման եւ լճացման` վերջնարդյունքում կորցնելով վերջին 20 տարում հայ ժողովրդի ձեռք բերած ամենաթանկագին ու ամենանվիրական նվաճումը` ազգային պետականությունը»:

«Ի վերջո, մեր քաղաքական ընդդիմությունը չի կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերի հատուկ պահանջները` չի ճանաչել Սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատված նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանք նաեւ որոշակի միտումնավորությամբ չմասնակցեցին Ազային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին` այս կերպ մերժելով հակադիր դիրքորոշումները ներկայացնելու, նաեւ երկխոսելու առաջարկը: Բոլոր կառուցողական, իրավիճակի կայունացման տանող քայլերը բոյկոտելը ընդդիմության քաղաքական ծրագիրն է: Բայց չպետք է մոռանալ, որ Եվրոպայի խորհրդի անդամ է ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը` իշխանությամբ ու ընդդիմությամբ հանդերձ, ուստի ԵԽԽՎ-ի բանաձեւերը կատարելու համար նույնքան պատասխանատու են ե’ւ ընդդիմությունը, ե’ւ իշխանությունը», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում կարծիք է հայտնում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իշխանական վերին օղակներում արդեն գտել են Հովիկ Աբրահամյանին Ազգային ժողովի նախագահ դարձնելու ձեւը», - գրում է «Հայք»-ը: - «Առայժմ Հանրապետական կուսակցությունում ցանկանում են խնդիրները լուծել քաղաքակիրթ եղանակով եւ, հույսները չկորցրած, փորձում են Թորոսյանին համոզել, որ ինքնակամ հրաժարական ներկայացնի: Փոխարենը առաջարկել են նրան բարձր պաշտոն: Ասում են, որ Թորոսյանին նշանակելու են կամ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, կամ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան… Իսկ եթե Թորոսյանը որոշի ամեն գնով կառչած մնալ իր առոթին, ապա Ազգային ժողովում կսկսվի պաշտոնանկության գործընթացը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG