Մատչելիության հղումներ

Վարչապետը հավաստիացնում է, որ բեռնափոխադրումների հետ կապված լարվածությունը «շուտով կթուլանա»


«Այլընտրանքային կամուրջը [Գորիի մերձակայքում պայթեցված կամրջին] արդեն գործում է, եւ ապրանքները մեծ քանակությամբ վերջին օրերի ընթացքում արդեն ներմուծվում են Վրաստանի տարածքից», - այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը չափազանց կարեւորեց հասարակության կեցվածքը ստեղծված արտակարգ իրավիճակում, երբ «երեք շաբաթ է, ինչ պատերազմական գործողություններ են իրականացվում հարեւան Վրաստանում, որտեղից մենք ապահովում ենք մեր շրջանառության 70 տոկոսը». - «Ցավոք սրտի, մեր ընդդիմախոսները փորձում էին այս իրավիիճակում քաղաքական դիվիդենտներ շահել` համեմատություններ անցկացնելով անցյալի հետ, որ ուղղակի ժպիտ էին առաջացնում… Մի կողմից, չընդունելով կառավարության կարողությունները` կառավարելու այդ իրավիճակը, մյուս կողմից մեզ «խորհուրդներ» էին տալիս, թե ինչպես մենք պետք է կառավարենք այս իրավիճակում»:

Այս շաբաթ ավելի վաղ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը տարածել էր հայտարարություն, որում խստորեն քննադատել էր հայաստանյան իշխանություններին ճգնաժամային կառավարում իրականացնելու անկարողության համար:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության խոսնակ Սուսաննա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ այսօր, ի թիվս այլ բեռների, Հայաստան է մտել, եւ «արդեն մոտենում է Այրում կայարանին» 19 վագոն բենզին:

Մայրաքաղաքի բենզալցակայաններում, այդուհանդերձ, այսօր էլ մեծ հերթեր էին գոյացել այն բենզալցակայանների մոտ, որտեղ բենզինը վաճառվում էր կանխիկ դրամով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG