Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հարցազրույց է տվել թուրքական «Ռադիկալ» օրաթերթին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային ծրագրերին, Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցերի:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ուներ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հրավիրում էր Երեւանում միասին դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է. - «Իմ առաջնահերթ նպատակը մեր երկրների հարաբերությունների կարգավորումն էր: Նախագահի պաշտոնում իմ ընտրության առթիվ Նախագահ Գյուլի հղած շնորհավորական ուղերձում խոսվում էր հարաբերությունների զարգացման հնարավորության մասին: Ավելի ուշ վարչապետ Էրդողանն արտահայտվեց երկխոսության համար դռների բաց լինելու մասին: Փոխադարձաբար, ես էլ որոշեցի օգտագործել այս հնարավորությունը: Առջեւում լավ սպորտային իրադարձություն է: Պատմության մեջ առաջին անգամ հանդիպում են ֆուտբոլի մեր ազգային հավաքականները: Դա կարող է լավ առիթ հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար»:

«Մենք հարեւաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում», - հավելել է Սերժ Սարգսյանը:

Թուրքական թերթի թղթակցի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն դեմ է հրավերին, եւ որ Երեւան ժամանելու դեպքում «Գյուլին իրենց ձայնը լսել տալու համար անելու են հնարավոր ամեն ինչ», Հայաստանի նախագահն արձագանքել է. - «Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ»:

Թղթակցի ձեւակերպմամբ` Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի եւ հաղորդակցության բնագավառում իրականացվող տարածաշրջանային նախագծերին ու դրանց Հայաստանի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Մինչ այժմ իրականացված տարածաշրջանային ծրագրերից երկու դաս եմ քաղել: Առաջին, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չեն ներգրավվում կամ դրանցից մեկը բացառվում է, դա նոր բաժանարար գծեր է առաջացնում: Երկրորդ, երբ այդ ծրագրերում քաղաքական նկատառումները գերակայում են տնտեսականին, այդ ծրագրերը անհրաժեշտ հաջողություն չեն ունենում»:

«Դա նման է այն բանին, երբ կառքը ձիու առջեւի մասից է կապվում», - հավելել է Հայաստանի նախագահը` թղթակցի խնդրանքով մասնավորեցնելով. - «Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը... Չէ՞ որ նման երկաթգիծ կա: Շատ քիչ ծախսերով այն կարելի է դարձնել շահագործելի: Շատ միջոցներ են ծախսվում Հայաստանին դուրս թողնելու համար»:

«Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները: Ինչպիսի՞ն է Կարսի պայմանագրի օրինականության եւ ճանաչման մասին Ձեր տեսակետը` պաշտոնական դիրքորոշումը». թուրք լրագրող այս հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասել է. - «Չեմ հիշում, որ որեւէ հայ պաշտոնյա արտահայտված լինի տարածքային պահանջների մասին: Բայց դա լսում եմ դիմացի կողմից: Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմք ընդունել առանձին հայտարարությունները: Եթե այդպես մոտենանք, Թուրքիայում անգամ կան այնպիսիք, ովքեր ասում են, որ Հայաստան անունով երկիր իրականում գոյություն չունի: Մենք չենք ուզում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լինի որեւէ նախապայման: Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք 19-րդ դարում օգտագործված աշխարհագրական եզրեր են: Անցյալից եկող այս արտահայտությունը մոռանալու եւ ջնջելու հարցում համառելը նույնն է, ինչ մերժել Սպարտայի, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության կամ պատմական շատ աշխարհագրական տերմինների գոյությունը: Եթե մեր պաշտոնական քաղաքականությունը դա լիներ, մեր անունը կլիներ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Որեւէ հայ պաշտոնյա նման բան չի պնդել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այդ հարցերն ավելի հեշտությամբ կքննարկվեն»:

Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը ասում է. - «Իրականում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եղան մարդկային զոհեր: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց, թե նման հարցերում ինչի կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքը: Մենք կողմ ենք նման հարցերը բանակցությունների միջոցով լուծելուն: Մենք կողմ ենք ժողովուրդների ազատ կամարտահայտության հիման վրա՝ ինքնորոշման իրավունքը հարգելուն: Ցավալի է, որ նկատվում է իրավիճակի սրում եւ դա մեզ դուր չի գալիս: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ նախաձեռնած ծրագրի իրագործումը կբերի խաղաղություն եւ կայունություն: Մեզ համար շատ կարեւոր է խաղաղությունն ու կայունությունը: Ամեն ինչ մի կողմ ՝ մեր առեւտրի ավելի քան 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով»:

Հայաստանի նախագահն ընդունել է, որ Վրաստանում երկաթգծի կամրջի պայթեցման արդյունքում Երեւանում բենզինի հետ կապված դժվարություններ են առաջացել. - «Ճիշտ է: Հույս ունենք, որ երկու օրում հարցը կլուծվի: Ակնհայտ է, որ տարածաշրջանի անկայունությունը Հայաստանի օգտին չէ: Դա ցույց է տալիս, որ մենք կայունության կարիք ունենք: Անկայունությունը երեք ամիս կամ երեք տարի ձգձգվելը էլ ավելի կավելացնի մեր խնդիրներր»:

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի առաջարկի մասին Սերժ Սարգսյանն ասել է. - «Ստանալու դեպքում մանրամասն կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կապակցությամբ Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ «կարճ ժամանակում լուծում կգտնեն». - «Մինչեւ Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունները այդ առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չի լինի: Ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում»:

Հարցին, թե նմանեցնո՞ւմ է արդյոք Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, Հայաստանի նախագահը արձագանել է. - «Բոլոր հակամարտություններն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Կարծում եմ, որ նմանությունների եւ տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է մտածել դասեր քաղելու մասին: Տեսնում եմ, որ հարցը ռազմական եղանակով լուծելու շահարկումները հանգեցնում են անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների»:

Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ: Իսկ հարցին, թե ինչ է կարծում «1915 թվականի դեպքերի ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ, եւ հնարավոր համարում է, որ երկու հանձնաժողովներ՝ մեկը պատմաբանների, մյուսը՝ հարաբերությունները կարգավորելուն միտված, կարող են գործել զուգահեռ», Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Կարծում եմ, որ այս հարցում նոր մոտեցման անհրաժեշտություն կա: Որովհետեւ, ես չեմ հիշում, որ մինչ այժմ միջպետական խնդիրները լուծելու համար ոչ- պետական հանձնաժողով ստեղծված լինի: Ամենալավ լուծումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է... Երկրորդ, ձեր ասած մասնագետների եւ փորձագետների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծումն անհրաժեշտ է: Դրա համար էլ բնականոն դիվանագիտական հարաբերությունների առկայությունը անհրաժեշտություն է: Դիվանագիտական հարաբերությունների առկայության կամ բացակայության պարագաներում իրականացվող աշխատանքները միանգամայն տարբեր կլինեն»:

Թուրք թղթակիցը հարցնում է. - «Հավատու՞մ եք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շարունակվող փակ դիվանագիտական հանդիպումները արդյունք կտան»: «Անկասկած, անհնար կլիներ իմ աջակցությունը, եթե չհավատայի որ արդյունք կտա», - արձագանքել է Հայաստանի նախագահը: - «Սակայն, մյուս կողմից հավատում եմ, որ հարաբերությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք՝ երկու երկրների առաջնորդներս, հասել ենք որոշումների կայացման փուլին: Դրանք հեշտ որոշումներ չեն լինելու: Հայաստանի եւ Թուրքիայի ողջ հասարակությունը չէ, որ հավանություն կտա այդ որոշումներին: Բայց վստահ եմ, որ դրական որոշումներին կաջակցի հասարակությունների մեծ մասը: Դրանով ես նկատի ունեմ ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ` ընդհանուր մթնոլորտը: Գյուլի շնորհավորական ուղերձը, Էրդողանի խոսքերը, իմ կողմից Գյուլին ուղղված հրավերը, անգամ Ձեզ հետ այս հարցազրույցն այդ մթնոլորտի մի մասն են կազմում: Այս իմաստով էլ հավատում եմ, որ հասել ենք որոշումների ընդունման փուլին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG