Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր առանձին դատական նիստերում եւս 2 ամսով երկարացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի նախնական կալանքի ժամկետը:

Մալխասյանը, ով մեղադրվում է իշխանությունը յուրացնելու եւ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների համար, արդեն 6 ամիս է անազատության մեջ է: Պատգամավորին եւս 2 ամիս կալանավորելու միջնորդության մեջ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը նշել է, որ «քրեական գործի օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել ապացույցների հավաքմանն ու ստուգմանն ուղղված քննչական գործողություններ»:

Նախաքննական մարմինը նաեւ նշում է, որ «անհրաժեշտ է փոխել Մալխասյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան նոր մեղադրանք առաջադրել»:

Մյասնիկ Մալխասյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե քննիչը դատական նիստի ընթացքում պարզաբանել է, որ ոչ թե նոր հոդված է առաջադրվելու Մալխասյանին, այլ փոխվելու է մեղադրանքի բովանդակությունը:

«Կարծում եմ, քանի որ մինչ օրս մեղադրանքի բովանդակությունը հասկանալի չի եղել, նախաքննական մարմինը 6 ամիս անց վերջապես որոշել է այն հասկանալի դարձնել», - ասաց Առուստամյանը: - «Փաստորեն, 6 ամիս անց դատարանները, երկարացնելով կալանքի ժամկետը, նախաքննական մարմնին հնարավորություն տվին արհեստական ապացույցներ հավաքել, սարքել այնպիսի ապացույցներ, որոնք իսկապես մարտի 4-ի դրությամբ չկային եւ չէին էլ կարող լինել, քանի որ իմ պաշտպանյալը որեւէ հանցագործություն չի կատարել»:

Այսօրվա դռնփակ դատական նիստում ելույթ է ունեցել նաեւ Մյասնիկ Մալխասյանը: Մելանյա Առուստամյանի փոխանցմամբ, նա ասել է, որ մինչեւ օրս չգիտի, թե ինչի համար է մեղադրվում:

Մելանյա Առուստամյանը նաեւ փոխանցեց, որ երեկ մեկուսարանում Մյասնիկ Մալխասյանին այցելած բժշիկները գտել էր, որ նրա ծունկը անհրաժեշտ է «շտապ վիրահատել»:

Այսօր ավելի ուշ նույն դատարանը երկու ամսով երկարացրեց նաեւ Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը, ով մարտի 1-ի իրադարձություներից հետո նույնպես կալանավորվել էր եւ անազատության մեջ է արդեն 6 ամիս:

Մելանյա Առուստամյանի փոխանցմամբ, Հակոբ Հակոբյանը նույնպես չի ընդունում իր մեղքը, իսկ դատարանի դահլիճում այսօր հայտարարել է, որ «հետապնդվում են նաեւ իր մերձավորները, գործեր են սարքվում իր եւ իր մերձավորների սեփականություն հանդիսացող օբյեկտների նկատմամբ»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նույնպես մտահոգիչ է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG