Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Պատերազմը որեւէ կապ չուներ Հարավային Օսիայի կամ Վրաստանի հետ»


«Մոսկվան փորձում է վերաձեւել Եվրոպայի քարտեզը եւ վերականգնել ռուսական կայսրությունը: Համենայն դեպս, այդ նպատակն էին հետապնդում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության անօրինական ճանաչումն ու Վրաստանի դեմ վերջին ռազմական գործողությունները», - գրել է այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականում հրապարակված հոդվածում:

«Պատերազմը որեւէ կապ չուներ Հարավային Օսիայի կամ Վրաստանի հետ: Մոսկվան տարիներ շարունակ պատրաստվում էր այդ ներխուժմանը` Եվրոպային սնող էներգետիկ աղբյուրների նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ կայսրությունը վերականգնելու նպատակով», - գրում է Սահակաշվիլին եւ ընդգծում. - «Այս իրավիճակը պետք է մտահոգի Եվրոպային»:

Վրաստանի առաջնորդի պնդմամբ, այժմ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայում եւ Աբխազիայում իրականացվում են էթնիկ զտումներ:

«Մոսկվան գլխիվայր շուռ տվեց Կոսովոյի նախադեպը», - կարծիք է հայտնում Սահակաշվիլին եւ մանրամասնում. - «Եթե այնտեղ Արեւմուտքը միջոցներ ձեռնարկեց էթնիկ զտումները կանխելու համար, ապա Վրաստանում Ռուսաստանը օգտագործում է այդ զտումները` սեփական ռազմական բռնակցումները կոնսոլիդացնելու համար»:

«Ռուսաստանը հույս ունի, որ Արեւմուտքը կմոռանա Աբխազիայում կատարված էթնիկ զտումները, որոնց արդյունքում բնակչության երեք քառորդը` վրացիներ, հույներ, հրեաներ եւ այլ ազգեր, արտաքսվեցին իրենց տներից: Ռուսաստանը նաեւ ուզում է, որ մենք բոլորս մոռանանք այն հանգամանքը, որ Հարավային Օսիայի վարչակազմում ոչ թե տեղի բնակիչներ են, այլ հիմնականում ռուս պաշտոնյաներ», - գրում է Միխեիլ Սահակաշվիլին եւ կարծիք հայտնում, թե հաջորդ քայլով Մոսկվան փորձելու է Վրաստանում իշխանափոխություն իրականացնել:

«Եթե Մոսկվան փորձի բռնի ուժով իշխանափոխություն անել, ապա մենք դրան ժողովրդավարությամբ կհակադարձենք» - գրել է Վրաստանի նախագահը: - «Եվրոպական քաղաքական եւ ֆինանսական կառույցների կողմից աջակցությունը Վրաստանին կարող է լուրջ հակահարված լինել Ռուսաստանի քայլերին: Ցավոք սրտի, խոսքը այլեւս միայն իմ փոքրիկ երկրի մասին չէ: Խոսքը միջազգայնորեն ընդունված սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու` Եվրոպայի կարողության մասին է»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG