Մատչելիության հղումներ

Հայաստանը լռություն է պահպանում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ


Պաշտոնական Երեւանը առայժմ հստակ դիրքորոշում չի արտահայտել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահը երեկ նաեւ կոչ էր արել այլ երկրներին ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ու արձագանքը, արտգործնխարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը պատասխանեց. - «Հայաստանը միշտ կողմնակից է եղել եւ շարունակում է համոզված մնալ, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է: Նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ժողովուրդների կամքի ազատ արտահայտության հիման վրա»:

Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առաջարկեց իրավիճակից դուրս գալու իր տարբերակը. - «Հայաստանը այս առումով մի քիչ խոցելի դիրքում է, որովհետեւ անմիջապես չի կարող ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, որովհետեւ կան էներգետիկ խնդիրներ, տրանսպորտային խնդիրներ, Ջավախքի խնդիրը կա, որը կապված է Վրաստանի հետ... Ուրիշ հարց է, որ Հայաստանի հասարակությունը կարող է ողջունել այդ քայլը, շնորհավորել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդներին եւ դրանով բավարարվել»:

«Ղարաբաղի վիճակը մի փոքր այլ է», - շարունակեց Մայիլյանը: - «Պաշտոնական Ստեփանակերտը կարող է շնորհավորել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի թե’ ժողովուրդներին, թե’ իշխանություններին»:

Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը սպասվում է առաջիկայում: Լեռնային Ղարաբաղի նախագահի լրատվության բաժնի ղեկավար Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «ուսումնասիրությունները դեռ շարունակվում են»:

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «ստեղծված նոր իրավիճակը նոր մարտահրավերներ է նետում թե’ Հայաստանի եւ թե’ Լեռնային Ղարաբաղի առջեւ». - «Խնդիրը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հերթական հաղթանակն է, այլ իրական քաղաքական գործընթացների վտանգավոր հետեւանքները, որոնք կարող են ներազդել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առնվազն տնտեսական, իսկ այստեղից բխող` նաեւ քաղաքական շահերի վրա»:

Նա հավելեց, որ նկատի ունի «վրացական կոմունիկացիաները», Վրանստանում «հնարավոր ապակայունացումը», «Իրանի շուրջ ծավալվող դիվանագիտական եւ քաղաքական պայքարի վերջին դրսեւորումները»:

«Իրանում նույնպես մոտ ապագայում նախագահական ընտրություններ են», - պարզաբանեց նա: - «Հաշվի առնելով իրանական միջուկային թնջուկը, այստեղ նույնպես գերտերությունների պայքարի նոր ճակատ է սպասվում... Այստեղ շատ կարեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների հնարավորինս շուտափույթ կարգավորումը եւ կոմունիկացիաների վերականգնումը»:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Մեծ տերությունները փոխել են իրենց կարծիքը տարածաշրջանի զարգացումների եւ հակամարտությունների նկատմամբ, եւ սա, անշուշտ, պետք է առաջացներ նաեւ մոտեցման թարմացում բոլոր շահագրգիռ պետությունների մոտ, այդ թվում` Հայաստանի: Մենք պետք է ունենանք մեր մարտավարական քայլերը եւ ռազմավարությունը»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG