Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանի կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը «ավելի հրապարակային» պետք է լինի


Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սրված հարաբերությունները, ըստ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, կարող են ստիպել Հայաստանին վերանայել իր արտաքին քաղաքականությունը` այն դարձնելով «շատ ավելի հրապարակային»:

«Հայաստանը պետք է կարողանա այս նոր ստեղծված իրավիճակում մի աստիճան ավելի բարձր, ես կասեի` կատարելագործված կոմպլեմենտարություն վարի, որովհետեւ այդ հակասությունը` Միացյալ Նահանգներ - Ռուսաստան, ոչ թե այդ երկրների մակարդակով է դրսեւորվում, այլ Վրաստանի միջոցով է դրսեւորվում: Այսինքն` այդ հակասությունը արդեն չոքել է մեր դռան առաջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում այսօր ասաց Վարդան Օսկանյանը, ով այժմ ղեկավարում է իր հիմնադրած Civilitas հետազոտական կենտրոնը:

«Մեկ աստիճան բարձր կոմպլեմենտարությունը», ըստ նախկին արտգործնախարարի, նշանակում է, որ այդ քաղաքականությունը «շատ ավելի հրապարակային պետք է լինի»:

Նրա խոսքով, ստեղծված բարդ իրավիճակում «ոչինչ չանելը միգուցե նույնպես լուծում է»:

«Իմ նախընտրությունը մի քիչ այլ կլիներ` առավել հրապարակային ոչ կողմնակալություն ցուցաբերել», - ասաց նա: - «Ես կարծում եմ, դա կարող էր տարբեր դրսեւորումներ ունենալ հենց նախագահի մակարդակով: Առաջին պահին, երբ այս խնդիրը ծագեց, կարծում եմ, որ նման դրսեւորումներ կարելի էր իսկապես ցույց տալ` հրապարակավ արդեն հայտնելու ե’ւ Ռուսաստանին, ե’ւ Վրաստանին, որ այն, ինչ կատարվում է, ոչ մեկի շահերից չի բխում, վնասակար է տարածաշրջանի համար, երկու երկրների համար, եւ առհասարակ գլոբալ քաղաքականության առումով»:

Օսկանյանի կարծիքով, պաշտոնական Երեւանի լռությունը հատկապես մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղի հարցում, քանի որ, եթե պաշտոնական Երեւանը հստակ դիրքորոշում չհայտնի Ղարաբաղի ինքորոշման առումով, հետո դժվար կլինի գտնել իր տեղը այս գործընթացներում եւ հասնել ցանկալի արդյունքի:

Ստեղծված իրավիճակում Օսկանյանը առանձնացրեց երկու հիմնական շեշտադրում` ուժի չկիրառումը, որը հայաստանյան դիվանագիտությունը «պետք է դրոշ դարձնի», եւ ինքնորոշման հարցերի վերաբերյալ Արեւմուտքի կոշտացած դիրքորոշումը, որն այսօր ավելի շատ հանդես է գալիս տարածքային ամբողջականության սկզբունքի օգտին:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխության կարիք չկա, բայց շեշտադրումների հստակ դրսեւորումներ պետք է լինեն», - ասաց նա: - «Առաջին, որ Ղարաբաղը նույնպես յուրահատուկ դեպք է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ոչ թե միայն հիմնված է իրավական եւ պատմական հիմքերի վրա, այլեւ այն փաստի վրա, որ Ադրբեջանը պարբերաբար օգտագործել է ուժ` հարցը լուծելու իր օգտին»:

«Հայաստանը շատ արագ, հրապարակային պետք է հայտնի, որ միակ պատճառը, որ դեռեւս Հայաստանը չի ճանաչել եւ չի ճանաչում այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն է, որ բանակցային գործընթացի հիմքում դրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - շարունակեց Վարդան Օսկանյանը: - «Այն պահին, երբ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջը կհրաժարվի այդ սկզբունքի քննարկումից, Հայաստանը պետք է իրեն վերապահի Լեռնային Ղարաբաղի ճանաչման իրավունքը»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG