Մատչելիության հղումներ

logo-print

Արեւմուտքի վերլուծաբանների կարծիքով, հարավկովկասյան իրադարձությունները կազդեն տարածաշրջանի էներգետիկ ծրագրերի վրա


Ըստ արեւմտյան վերլուծաբանների` գրեթե անխուսափելի է, որ Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կազդեն Հարավային Կովկասում լայնամասշտաբ էներգետիկ ծրագրերի իրագործման վրա:

«Ռուսաստանը մի քանի օրում պարզապես հասկացրեց բոլորին, որ ցանկացած խողովակաշար, որը շրջանցում է իր տարածքը, շատ խոցելի է», - պնդում է Wall Street Journal պարբերականի նախկին աշխատակից, էներգետիկ ոլորտի ամերիկացի առաջատար վերլուծաբաններից Սթիվ Lուվինը: Նրա պնդմամբ, առաջինը այս իրադարձությունների արդյունքում տուժեց նախագծման փուլում գտնվող «Նաբուկո» ծրագիրը: Այս խողովակաշարով Եվրամիությունը հույս ուներ թուրքմենական ու ադրբեջանական գազն արտահանել եվրոպական շուկա:

«Որեւէ շանս չկա, որ «Նաբուկոն» մի օր իրականություն դառնա: Պատճառը մեկն է` այն երկրները, որ պետք է հանդես գային գազ առաքողի դերում` Թուրքմենստանը, նույնիսկ Ադրբեջանը այսքանից հետո չեն ցանկանա նյարդայնացնել Ռուսաստանին: Նրանք շատ երկար կմտածեն այս քայլին դիմելուց առաջ, քանի որ «Նաբուկոն» Ռուսաստանին նետված ուղղակի մարտահրավեր է: Այս ամենի ֆոնին ցանկացած խոսակցություն «Նաբուկոն» կյանքի կոչելու մասին պարզապես հիմարություն է», - պնդում է ամերիկացի վերլուծաբանը:

«Ռուս-վրացական պատերազմը միանշանակորեն ապացուցեց, որ 2006-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը եւս վտանգված է», - պնդում է Էդինբուրգում գտնվող Newsbase Group-ի վերլուծաբան Ջենիֆեր Դելայը: - «Նավթամուղը չէր ռմբակոծվել, սակայն անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքները ենթարկվել էին հթրիռակոծության: Այս պայմաններում ռուսները փաստորեն նավթամուղի վերահսկման որոշակի լծակներ են ձեռք բերել` առանց ուղղակիորեն Բաքու - Ջեյհանին հարվածելու»:

Ռուս-վրացական ճգնաժամից հետո, ըստ վերլուծաբանների, Եվրամիությունը հակաքայլեր պետք է ձեռնարկի` Ռուսաստանից էներգետիկ լիակատար կախվածության մեջ չընկնելու համար: Այս քայլերից առաջինի մասին հայտնի դարձավ երեկ: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմաս Ստեգը երեկ Բեռլինում հայտարարել է, թե Եվրամիությունը կարող է հրաժարվել Ռուսաստանի գազային ենթակառուցվածքները նորացնելու` արդեն համաձայնեցված ծրագրի իրագործումից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարում` Բաքու - Ջեյհան խողովակաշարի բացումը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG