Մատչելիության հղումներ

Արեւմտյան գրեթե բոլոր առաջատար պետություններն ու գործիչները արդեն երեկ սկսել են արձագանքել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Կրեմլի որոշմանը:

Պաղեստինում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ սա «ծայրահեղ անհաջող եւ ափսոսանքի արժանի քայլ էր Ռուսաստանի կողմից»: Ռայսը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգների համար Վրաստանի միջագայնորեն ճանաչված սահմանները մնում են ուժի մեջ:

«Մենք արգելափակելու ենք Ռուսաստանի ցանկացած փորձ` ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակները փոխելուն: Ռուսաստանն իր այս որոշմամբ հակադրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որի մշտական անդամ է», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում եւս նշված է, թե պաշտոնական Lոնդոնը ճանաչում է Վրաստանի միջազգայնորեն ընդունված սահմանները` Աբխազիան եւ Հարավային Օսիան ներառյալ:

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը «անընդունելի» է որակել Ռուսաստանի որոշումը:

«Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախ կարգավիճակը ճանաչելու համար առկա իրավական հիմքերը բավարար չէին», - Հռոմում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է վրացական կողմի արձագանքին, ապա այն, ինչպես եւ սպասվում էր, խիստ բացասական է: Վրաստանի անվտանգության խորհդրի քարտուղար Կախա Lոմայան հայտարարել թե «Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դադարեցվում են երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ»: Փոխարտգործնախարար Գիգա Բոկերիայի ձեւակերպմամբ` Ռուսաստանի վերջնական նպատակը «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բռնակցումն է»:

Ռուսաստանի նախագահի որոշումը խստորեն դատապարտել է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի լխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

Երեկ ավելի վաղ, ի դեպ, Ռուսաստանը որոշում էր կայացրել սառեցնել կապերը դաշինքի հետ` անորոշ ժամկետով դադարեցնելով մասնակցությունը «Համագործակցություն` հանուն խաղաղության» ծրագրին:

Իսկ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին մեղադրել է «ցինիզմի եւ երկերեսանիության մեջ». - «Անընդհատ կրկնվող երդումները, թե Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, որ հնչում են պարոն Սխեֆերի շուրթերից, անընդունելի են, անազնիվ են, երկերեսանի են եւ լի են խորը ցինիզմով, քանի որ հենց պարոն Սահակաշվիլին է իր գործողություններով Վրաստանի տարածքային ամբողջականության վրա յուղոտ հարցական նշան դրել: Ըստ երեւույթին, նա կմնա պատմության մեջ որպես մի մարդ, ում օրոք Վրաստանի տարածքը կրճատվեց»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG