Մատչելիության հղումներ

Հայաստանցի քաղաքագետները մեկնաբանում են Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը


Հայաստանցի քաղաքագետներից ոմանք այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարադրեցին իրենց մեկնաբանությունները Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչման առնչությամբ, նաեւ` թե ինչ փոփոխությունների կհանգեցնի դա միջազգային հարաբերություններում եւ, մասնավորապես, հարավկովկասյան տարածաշրջանում:

«Ընդհանրապես միջազգային հարաբերություններում նոր իրավիճակ է ստեղծվում», - ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: - «Հիմա կոնկրետ դեռ չկա պատկերացում, թե ինչ ռեակցիաներ կլինեն: Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման կփորձեն գնալ, բայց, իհարկե, Արեւմուտքում, երեւի, ակտիվ քաղաքականություն կսկսվի այս նոր իրավիճակում»:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությամբ, էական փոփոխություն է կատարվել, ինչի արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում: Ամենակարեւորը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ տարածաշրջանում նոր սուբյեկտ է հայտնվել` Հարավային Օսիան, որը «բոլորովին նման չէ ո’չ Լեռնային Ղարաբաղին եւ ո’չ էլ Աբխազիային»:

Երկրորդ խնդիրը, ըստ Իսկանդարյանի, այն է, որ թուլացավ «նախկինում արագ տեմպերով զարգացող երկրի համբավ ունեցող Վրաստանը»:

Երրորդն այն է, որ «Ադրբեջանում լուրջ խուճապ էր սկսվել». - «Այնպես որ, մենք այսօր բոլորովին այլ տարածաշրջանի հետ գործ ունենք»:

Հարցին, թե Հայաստանն այս տարածաշրջանում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ, Իսկանդարյանը արձագանքեց. -
«Կապրենք կտեսնենք: Իսկ ստեղծված իրավիճակից պետք է օգտվել
կարողանալ: Անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որպեսզի Հայաստանը գտնի իր տեղը նոր իրավիճակում»:

Հայաստանը, ըստ քաղաքագետի, մի կողմից պետք է հարաբերություններ հաստատի Վրաստանի հետ, մյուս կողմից` չկորցնի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս պարագայում հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումն էլ «առնվազն հնարավոր է»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից առաջին հերթին կսրի հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:

Հարցին, թե ինչպիսին կլինի Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Գրիգորյանը պատասխանեց. - «Վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Հայաստանը կարողացավ բալանսը պահել, բայց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչելուց հետո դժվար է ասել կպահպանվի՞ արդյոք այդ հավասարակշռությունը… Ճանաչել նոր երկրների անկախությունը, դա բխում է մեր շահերից` Ղարաբաղի խնդրից ելնելով, բայց, մյուս կողմից, կա Վրաստան»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG