Մատչելիության հղումներ

Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից մի քանի երիտասարդներ այսօր կեսօրին տարվել են ոստիկանություն: Նստացույցի մասնակիցներից Ելիզավետա Թարվերդյանի խոսքով, այսօր վաղ առավոտյան ոստիկանները տարել են նաեւ սեղանը, որի վրա ձեւակերպվում էին Հայ ազգային կոնգրեսին անդամագրվողների դիմումները:

«Մեր տղաներին տարան` գետնի վրայից քաշելով», - «Ազատություն» ռադիոկայանին հուզված պատմեց Թարվերդյանը: - «Ասում ենք` ինչո՞ւ եք տանում, բացատրեք գոնե, թե ինչու են տանում… պատասխան չկա: Երեք հոգու իմ աչքի առաջ տարան, մյուսը չգիտեմ փախավ, թե նրան էլ բռնեցին տարան»:

Ելիզավետայի պատմելով, առավոտյան ժամը 6-ին ոստիկանները տարել էին սեղանը, որի վրա ձեւակերպվում էին Հայ ազգային կոնգրեսին անդամագրվողների դիմումները: Դրանից հետո մայթին հայտվել են տարբեր գույների ներկերով գրված կոչեր (նաեւ` «Լեւոն նախագահ»):

Թեեւ ցուցարարները պնդում են, որ իրենք չեն այդ կոչերի հեղինակները, սակայն երիտասարդներին ոստիկանություն են տարել հենց դրա համար:

Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը եւ պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվեցին պատասխանել, թե ուր եւ ինչ պատճառով են տարվել երիտասարդները:

Երիտասարդներին բերման ենթարկելու փաստը, այդուհանդերձ, ցուցարարների հետ զրույցում հաստատեց գնդապետ Աղասի Կիրակոսյանը: Երիտասարդներին ազատ արձակելու դիմաց նա պահանջեց մայթից ջնջել մակագրությունները:

Ավելի ուշ Հայոց համազգային շարժման խոսնակ Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ բերման ենթարկվածները եղել են 6 հոգի, որոնցից մեկը` անչափահաս:

Մակագրությունները Հյուսիսային պողոտայում մաքրվել են, երիտասարդները արդեն ազատ են արձակվել, սակայն նրանց ոստիկանությունում պահել են օրենքով սահմանված 3 ժամից ավելի:

Ոստիկանությունում նրանց առաջարկել են ստորագրություն տալ, որ այլեւս չեն մասնակցի Հյուսիսային պողոտայի ակցիաներին, բայց երիտասարդները հրաժարվել են:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG