Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հեռուստատեսային ուղերձում ասել է, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հաշվի առնելով աբխազ եւ օս ժողովուրդների ազատ կամքի դրսեւորումը, առաջնորդվելով ՄԱԿ -ի կանոնադրությամբ եւ 1970 թվականին ստորագրված «Միջազգային իրավունքի նորմերի մասին» հռչակագրի դրույթնեոով,1975 թվականի Հելսինկյան ամփոփիչ ակտով, միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերով` ես հրամանագրեր եմ ստորագրել` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին» - ասել է Ռուսաստանի նախագահը:

Դմիտրի Մեդվեդեւը նաեւ կոչ է արել մյուս պետությունների ղեկավարներին հետեւել իր օրինակին. - «Դա հեշտ ընտրություն չէ, բայց դա է մարդկանց կյանքը պահպանելու միակ հնարավորությունը»:

Մեդվեդեւն այսօր նաեւ հրահանգել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը` դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու հանրապետությունների հետ: Բացի այդ, Կրեմլից արտաքին գործերի նախարարություն հրահանգ է իջեցվել` սեղմ ժամկետներում մշակել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ գործակցության մասին երկկողմ համաձայնագրերի նախագծեր:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, թե մոտակա օրերին պաշտոնապես դիմելու է Ռուսաստանի իշխանություններին` հանրապետության տարածքում ռազմակայան հիմնելու խնդրանքով:

Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատները երեկ գումարած արտահերթ նիստերում միաձայն հավանության են արժանացրել դիմումը, որով խնդրում են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` «որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետություններ» ճանաչելու հարցը:

Անցած շաբաթ Ցխինվալիում եւ Սուխումիում կայացած համաժողովրդական հավաքներում ընդունվել էին դիմումներ Ռուսաստանին` ճանաչել համապատասխանաբար Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ կոչ էր արել Ռուսաստանի ղեկավարությանը չճանաչել այդ ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:

«Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները արժանի են նույնպիսի հարգանքի, ինչպես ցանկացած այլ պետությանը` ներառյալ Ռուսաստանինը», - ասված էր Միացյալ Նահանգների նախագահի` երեկ տարածված հայտարարությունում: - «Միացյալ Նահանգները շարունակելու է սատարել Վրաստանի ժողովրդին ու երկրի ժողովրդավարությանը եւ պաշտպանելու է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG