Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիներ մեծամասնությունը կարծում է, որ պաշտոնական Մոսկվան «ամեն ինչ արեց` հակամարտությունից խուսափելու համար»


Ռուսաստանցիների գրեթե կեսը` 49 տոկոսը, համոզված է, որ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների մեղավորը ամերիկացիներն են, որոնք փորձում են «տարածաշրջանը վերածել իրենց ազդեցության գոտու»: Սա են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության մոսկովյան հեղինակավոր «Lեւադա» Կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Հարցված ռուսաստանցիների 70 տոկոսը համոզված է, որ պաշտոնական Մոկսվան տեղի ունեցածում որեւէ մեղք չունի: «Ռուսաստանի իշխանությունները արեցին հնարավոր ամեն ինչ` հակամարտությունից խուսափելու համար», - նշել է հետազոտությանը մասնակցած ռուսաստանցիների երկու երրորդից ավելին:

Երկրի հանրության շրջանում, սակայն, տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե ինչու սկիզբ առավ այս հակամարտությունը: Հարցվածների 43 տոկոսը պնդում է, թե Սահակաշվիլին Ցխինվալիի ուղղությամբ հարձակման անցավ, որեպեսզի վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունն ու դրանից հետո Վրաստանը դարձնի ՆԱՏՕ-ի անդամ: Եվս 38 տոկոսի համոզմամբ, Վրաստանի նախագահը զուտ ներքաղաքական նպատակներ էր հետապնում` ցանկանալով ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում:

Ռուսաստանցիների մոտ 16 տոկոսը, ի դեպ, կարծիք է հայտնել, թե Սահակաշվիլին դարձավ այն սադրանքի զոհը, որը խնամքով պատրաստել էին ռուսական իշխանություները, հարցվածների 4 տոկոսի կարծիքով էլ, ռուսական իշխանությունները տարիներ շարունակ կանխամտածված կերպով սրում էին իրավիճակն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում` Վրաստանի դեմ ձեռնարկելիք գործողությունները հետագայում արդարացնելու համար:

«Ինչո՞ւ է Արեւմուտքը պաշտպանում Վրաստանին» հարցին հետազոտության մասնակցիների ճնշող մեծամասնությունը` 66 տոկոսը, պատասխանել է միանշանակորեն. - «Արեւմուտքը նպատակ ունի Ռուսաստանն Անդրկովկասից դուրս մղել»: Ռուսադտանցիների 74 տոկոսը հակված է այն մտքին, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը դարձել են Միացյալ Նահանգների ղեկավարության աշխարհաքաղաքական նկրտումների պատանդը: Ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ պատանդի կարգավիճակում են հայտնվել օսերն ու աբխազները` բայց արդեն Ռուսաստանի եւ Վրաստանի ղեկավարների ձեռքում:

Այս ճգնաժամի ֆոնին «Lեւադայի» կենտրոնի մասնագետները նաեւ փորձել են պարզել, թե արդյոք փոխվել է իշխող տանդեմի (Մեդվեդեւ-Պուտին) նկատմամբ վերաբերմունքը շարքային քաղաքացիների շրջանում: Պարզվում է, որ Վրաստանի հետ մարտական գործողությունների մեկնարկից հետո թե’ Դմիտրի Մեդվեդեւի եւ թե’ Վլադիմիր Պուտինի վարկանիշերը աճ են արձանագրել. նախագահ Մեդվեդեւի վարկանիշը հուլիսյան ցուցանիշի համեմատ աճել է երեք տոկոսով` հասնելով 73 տոկոսի, իսկ վարչապետ Պուտինի գործողությունները հավանության արժանացնողերի թիվը աճել է երեք տոկոսով` օգոստոսի երկրորդ կեսին հասնելով 83 տոկոսի:

Եվ որպես այս ցուցանիշի տրամաբանական արդյունք` ռուսաստանցիների մի զգալի մասը համոզված է, որ իրական իշխանությունը երկրում պատկանում է վարչապետ Պուտինին: Այս տեսակիտին է հակված ռուսատանցիների 26 տոկոսը: Մեդվեդեւին որպես երկրի միանձնյա ղեկավար է ընկալում հարցվածների ընդամենը 14 տոկոսը: Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 49 տոկոսը հակված է այն տեսակետին, որ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը միասին են տնօրինում իշխանության լծակները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG