Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր Անկախության հռչակագրի ընդունման 18-րդ տարեդարձն է», - հիշեցնում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Եվ այսօր Հայաստանի առջեւ նույն խնդիրն է կանգնած` պայքարել հանուն իրական անկախության: Երբ փոքր երկիրը պայքարում է հանուն իրական անկախության, այսինքն` երբ ձգտում է ձերբազատվել որեւէ գերտերության ֆորպոստի կարգավիճակից, չափազանց մեծ է գայթակղությունը, դա անել մեկ այլ գերտերության օգնությամբ: Բայց այդ ճանապարհը վերջին հաշվով անկախության չի հասցնում… Այսօր Հայաստանը անկախ պետություն չէ: Անկախ կարող է լինել միայն այն երկիրը, որի իշխանությունները լեգիտիմ են եւ վայելում են ժողովրդի վստահությունը»:

«Նրանք, ովքեր երբեք չեն ապրել խորհրդային պետությունում, արդեն 17-18 տարեկան են: Նրանք չեն էլ պատկերացնում, որ Հայաստանը կարող է լինել մեկ այլ պետության կազմում», - գրում է «Հայք»-ը` շարունակելով. - «Ցավոք, որոշ ընտանիքներում կարոտախտով են հիշում խորհրդային տարիները եւ հաճախ են իրենց երեխաներին պատմում, որ, ասենք, 1 կոպեկով լուցկի էին գնում, կամ 100 ռուբլով գնում էին Սոչի եւ մի շաբաթ լավ հանգստանում: Բայց եթե նրանք ազնվություն ունենան ու նաեւ ասեն, որ խորհրդային տարիներին նույնիսկ սոցճամբարի երկրներ մեկնելը դժվար գործ էր, որ գոյություն ուներ միայն մեկ կուսակցություն, եւ այդ կուսակցության կարծիքին դեմ գնալը նշանակում էր զրկվել ամեն ինչից, որ լավ երշիկ գնելու համար պետք էր լավ ծանոթ ունենալ, որ միսը եւ կարագը հնարավոր էր գնել կտրոններով եւ երկար ժամանակ հերթ կանգնելուց հետո…, խորհրդային պետությունով հիացող ծնողների վրա երեխաները մի լավ կծիծաղեն եւ ավելի կսիրեն անկախությունը»:

«Այս աշնանը վերջնականապես որոշվելու է, թե զարգացման որ մոդելն է ընտրում Հայաստանը, որ ուղղությամբ եւ ուր է գնալու երկիրը», - մատուցում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Ցանկացած քաղաքակիրթ երկրում ժողովուրդը իշխանություն է ձեւավորում ընտրությունների միջոցով: Իշխանության ձեւավորման այն եղանակը, որը լեւոնականներն այսօր առաջարկում են, անկախ նրանից, թե ժողովրդի քանի տոկոսն է կողմ կամ դեմ իշխանափոխությանը, սխալ է իր ձեւով եւ հոգեբանությամբ. այն ենթադրում է ժողովրդի ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդրի փոխարինում նրան փողոց դուրս բերելու եւ պարզ գործիք դարձնելու հեռանկարով` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ»:

Նույն թերթի մեկ այլ հրապարակման մեջ նշված է. - «Գալիք քաղաքական աշունը խոստանում է սոսկ աշնանային մրրկահողմեր, որոնք չեն սասանի քաղաքական համակարգի հիմքերը, բայց կարող են լուրջ վերադասավորումներ առաջացնել իշխանության ներսում եւ քաղաքական դաշտում»:

«Իշխանության ամենաբարձր մակարդակներում օրեր առաջ գծագրվել է Երկրապահ կամավորականների միությունը պառակտելու սցենարը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Քանի որ Երկրապահը Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրից կանգնեց շարժման կողքին ու լրջագույն վտանգ է ներկայացնում իշխանությունների համար այն պարզ պատճառով, որ առաջիկայում բավական լուրջ քաղաքական զարգացումներ են սպասվում, իշխանական վերնախավում որոշվել է նուրբ ինտրիգների միջոցով ԵԿՄ ներսում «թավշյա հեղափոխություն» անել, իրենց կողմը քաշել ԵԿՄ անդամներին… միության նախագահ դարձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ԵԿՄ-ն ամբողջությամբ վերցնել իրենց վերահսկողության տակ»:

«Ազգ»-ը հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, ուր, մասնավորապես, նշված է. - «Վերջին ժամանակներս մի շարք զանգվածային լրատվության միջոցներով որոշ ուժեր, սեփական քաղաքական նկատառումներից ելնելով, կրկին սկսել են շահարկել Երկրապահի անունը, իրենց թույլ են տալիս խորհուրդներ տալ Երկրապահին, անգամ` կոչեր անել: Իսկ որոշ մարդիկ էլ, ԵԿՄ վարչությունից թաքուն, Երկրապահով են զբաղվում, եւ չգիտես ովքեր են` իշխանությո՞ւն են, ընդդիմությո՞ւն, ո՞ւմ խաղն են խաղում, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում: Բայց ամենուրեք Երկարապահի անունից են խոսում: Ժամանակն է, որ սեփական նեղ քաղաքական շահերից բխող հայտարարություններ անող քաղաքական ուժերը զգան, որ Երկրապահը մինչեւ այսօր չի տրվել ոչ մի քաղաքական խարդավանքի, չի ներքաշվել ներքաղաքական ոչ մի խաղի մեջ, թույլ չի տվել եւ հետագայում էլ թույլ չի տալու Երկրապահի անունից հանդես գալու: Հանրապետության հասարական-քաղաքական կյանքի մեջ Երկրապահը ի զորու է որոշելու իր տեղը եւ հայտարարելու իր վերաբերմունքը»:

«Եթե պարոն Գյուլը չգա, եւ լինի հայ-թուրքական հավաքականների հանդիպում, մենք ընդհանրապես որեւէ բան չենք անի: Գյուլի գալու հանգամանքը այլ որակ է հաղորդում ֆուտբոլին` առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Հայաստան», - «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG