Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. « Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբեւէ չի եղել պարտադրված միջոց»


«Ռուսաստանի հետ ընկերությունը Հայաստանի համար երբեւէ չի եղել պարտադրված միջոց: Ավելորդ է ասել, որ ուժով ընկերներ չեն ձեռք բերվում, առավել եւս` չեն պահպանվում: Չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, բայց գոնե Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերություններում չափազանց բաց, անկեղծ եւ հետեւողական է», - ավստրիական «Der Standard» օրաթերթին շաբաթ օրը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ավելին, ասեմ Ձեզ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը երբեք չի խանգարել մեզ նորմալ, արդյունավետ համագործակցություն տարածել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Դրա մասին են վկայում Եվրոպական Միության եւ ՆԱՏՕ-ի հետ իրագործվող համատեղ ծրագրերի ծավալը, դինամիկ զարգացող հարաբերությունները եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ», - հավելել է Հայաստանի նախագահը:

Դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ Հայաստանը լրջորեն իր վրա է զգում վրաց-ռուսական ճգնաժամի ազդեցությունը, եւ հարցին, թե ինչ խորհուրդ կտար վրացի գործընկերներին` Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, Սերժ Սարգսյանը արձագանքել է. - «Խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է: Մեր քաղաքականության առանցքը վերջին տարիներին կայացել է նրանում, որ չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է անեն ամեն ինչ գերտերությունների միջեւ հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար: Չափազանց հեշտ է կարճաժամկետ օգուտներ քաղել յուրաքանչյուր տարածաշրջանում մեծ տերությունների միջեւ պարբերաբար ծագող հակասություններից: Շատ ավելի բարդ է, բայց անհամեմատ ավելի օգտակար` փորձել անկեղծորեն համագործակցել ընդհանուր շահերի դաշտում: Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց ստիպված ենք դիմակայել, անիմաստ է ստեղծել նոր բաժանարար գծեր եւ արհեստական գաղափարական ճամբարներ»:

Հարցին, թե արդյոք Հայաստանի համար շահավետ է Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը, երկրի նախագահը պատասխանել է. - «Հայաստանի, ինչպես կարծեմ յուրաքանչյուր պետության համար, շահավետ է արդունավետ ինքնիշխանությունը: Իսկ մեր դարաշրջանում այդ ինքնաշխանությունն իր մեջ է ներառում նաեւ մասնակցություն անվտանգության արդյունավետ միջազգային եւ տարածաշրջանային համակարգերին: Հայաստանն այդ առումով որոշում է կայացրել անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Եվ այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթով նախատեսված է, որ հարձակումը անդամ պետություններից որեւէ մեկի վրա նշանակում է ոտնձգություն բոլորի դեմ»:

Լրագրողի հաջորդ հարցին` ի՞նչ հետեւություններ կան Վրաստան կատարած ներխուժումից մեկ այլ «սառեցված հակամարտության»` Լեռնային Ղարաբաղի համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ապացուցեցին, որ Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարի դեմ զինված ուժով հակադրվելու փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Վերջին զարգացումները հստակորեն ցուցադրեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի, ռազմական բյուջեների չհիմնավորված ավելացումների եւ ռազմատենչ հայտարարությունների իրական վտանգը: Դրանք միեւնույն ժամանակ ապացուցեցին, որ նման հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ինքնորոշման համար պայքար մղող ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ լուծումները պետք է հենվեն այդպիսի կամքի վրա, քանի որ հակառակ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային զտումների եւ միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման: Իրադարձությունները եւս մեկ անգամ ի հայտ բերեցին տարածաշրջանում առկա ենթակառուցվածքների, մայրուղիների, տրանսպորտային հանգույցների, խողովակաշարերի արդյունավետ ներգործման, դրանց այլընտրանքայնության ապահովման եւ առավել սփռված ցանցերի ձեւավորման կարեւորությունը»:

Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան Հայաստանի նախագահը ասել է. - «Մենք այսօր էլ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Եվ ընդհանրապես, Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել այն քաղաքական ուղեգծին, որը հայտարարել է: Այսօր մեր հարաբերություններում առկա է մի իրավիճակ, որից ոչ ոք չի շահում, հակառակը` տուժում են շատերը: Վստահ եմ, որ մշտական հակառակորդներ լինելու իմաստն ու անհրաժեշտությունը չկա, ակնհայտ է, որ հարաբերությունների կարգավորման խնդիրը հասունացել է եւ այդ քայլը փոխշահավետ է լինելու թե' թուրք, թե' հայ հասարակությունների համար: Եթե հիշում եք Թուրքիայի վարչապետ Էրդողանը ամիսներ առաջ նշեց, որ այս ժամանակահատվածում դռները բաց են նոր երկխոսության համար: Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ունենալ այդպիսի երկխոսություն, եւ նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի կամրապնդի այս դրական միտումները: Օրեր առաջ իմ թուրք գործընկերը հայտարարեց, որ Թուրքիան տարածաշրջանում թշնամիներ չունի: Ես համոզված եմ, որ այդ հայտարարության գործնական ամրագրումը կլինեն հարաբերությունները կարավորելու շոշափելի քայլերը, որոնք կարող են իրական արդյունքների հանգեցնել: Մենք կարող ենք բազմաթիվ խնդիրներ ունենալ, սակայն դրանք չենք կարողանա լուծել, եթե իրար հետ չխոսենք քաղաքակիրթ պետություններին վայել մակարդակով, եթե մեր երկրների միջեւ բացակայեն պատշաճ քաղաքական հարաբերությունները»:

Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեքստը ավստրիական թերթին այսօր տարածել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG