Մատչելիության հղումներ

logo-print
Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը կրկին պնդեց, որ սեպտեմբերի սկզբից նախատեսված պլանային վերանորոգման աշխատանքները, որոնք այս տարի կտեւեն 85 օր, չեն հանգեցնի երկրում էներգետիկ ճգնաժամի:

Հիմնավորելով իր պնդումը` Մարկոսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն վերջին 13 տարիների ընթացքում ատոմակայանը կանգնել է մինչեւ 125 օր, 122 օր, 127 օր, 109 օր` հիմնականում վառելիքի ուշացման պատճառով, բայց էներգետիկ ճգնաժամ չի եղել:

Բացի ամենամյա 40-օրյա պլանային նորոգումներից, 4 տարին մեկ ատոմակայանում կատարվում է կապիտալ վերանորոգում, ինչը ենթադրում է ստանդարտ աշխատանքների իրականացում, որոնց համար պահանջվում է 65 օր: Այս տարի, սակայն, կատավելու են նաեւ ոչ ստանդարտ աշխատանքներ, ուստի դադարը կտեւի 85 օր:

Մարկոսյանը մանրամասնեց, որ վերանորոգվելու են շոգեգեներատորները, ինչը վերջին անգամ կատարվել է 15 տարի առաջ, կապիտալ վերանորոգվելու են 3 գեներատորներ, ինչն արվում է 8 տարին մեկ: Նախատեսված են նաեւ անվտանգության բարձրացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: Կատարվելու է նաեւ վառելիքի վերալիցքավորում:

Մեծամորի ատոմակայանը ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG