Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սերգեյ Մերգելյանը


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան եւ Գիտության պետական կոմիտեն տեղեկացնում են, որ վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը:

«Խորին վշտով տեղեկացանք ականավոր գիտնական եւ քաղաքացի, հայկական գիտության դասական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան մասին», - ասված է Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Գիտության պետական կոմիտեի հաղորդագրությունում: - «Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահը անդառնալի կորուստ է ողջ հայ ժողովրդի եւ առաջին հերթին, Հայաստանի գիտական հանրության եւ մտավորականության համար»:

1950-ական թվականների կեսերին Սերգեյ Մերգելյանը Հայաստանում ստեղծել է կիրառական մաթեմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի գիտատեխնոլոգիական նոր ուղղություն, որը հետագայում մեծ համբավ բերեց Հայաստանին: Նրա ղեկավարությամբ ստեղծվեց մաթեմատիկական մեքենաների Երեւանի գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում` նաեւ արտադրական ձեռնարկություններ, սկսվեց ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրությունը:

Սերգեյ Մերգելյանը 21 տարեկանում դարձել է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում` ԽՍՀՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 28 տարեկանում` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Եղել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտը, Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետհամալսարանի հաշվողական կենտրոնի հիմնադիրը եւ առաջին տնօրենը, ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ: Արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւին` Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Վերջին տարիներին ականավոր գիտնականը ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Այս տարի լրացել էր Սերգեյ Մերգելյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG