Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է»


Հարավային Օսեթիայի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասի ինքնորոշման ձգտմանն ուղղված ռազմական հակազդեցության փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ ընդունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

«Դրանք նաեւ ցույց տվեցին, որ նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ազգերի կամքի ազատ արտահայտության հիման վրա, որոնք պայքարում են ինքնորոշման համար, այլապես մենք անխուսափելիորեն վկա կլինենք էթնիկ զտումների ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման», - ասել է Հայաստանի նախագահը: - «Մենք բազմիցս մատնացույց ենք արել տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման վտանգը եւ կոնֆլիկտների ուժային լուծման փորձերը»:

Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է, եւ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սթափիչ ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռեւս պատրանքներ ունեն ուժային լուծումների նկատմամբ»:

«Հայաստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է Հարավային Օսեթիայի ճգնաժամով, որը բերել է բազմաթիվ զոհերի: Տարածաշրջանում տեղի է ունեցել հումանիտար աղետ, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել դրա հետեւանքների հաղթահարման համար», - ասել է նախագահը: - «Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Եվրամիության նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ նախաձեռնությունը` վեց սկզբունքները, որոնք հիմք են ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ կոնֆլիկտի երկարատեւ կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի համար»:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել մարդասիրական միջանցքի դեր կատարել: «Մենք նաեւ պատրաստ ենք ինքնուրույն մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին», - ասել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG