Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Միխայիլ Խոդորկովսկուն ազատ արձակելու դիմումը


Այսօր Ռուսաստանի Չիտայի շրջանային դատարանը մերժել է ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն սահմանված ժամկետից շուտ ազատ արձակելու` նրա փաստաբանի ներկայացրած դիմումը:

Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուգանտը նախօրեին բացահայտել էր ուղղիչ աշխատանքային այն երկու հիմնարկների տրամադրած բնութագրերի բովանդակությունը, որտեղ այս ընթացքում իր պատիժն է կրել ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը: Կլյուգանտի վկայությամբ` այդ հիմնարկների ղեկավարները դատարանին տրամադրած իրենց բնութագրում նշել են, թե Խոդորկովսկին «ընդհանուր առմամբ չի ուղղվել, քանի որ այդպես էլ չի խոստովանել իր մեղքը»:

Իրավապահները նաեւ պնդում են Խոդորկովսկուն ընդհանուր պահման մեկուսարան տեղափոխելու հարցում: Նրանց կարծիքով` նախկին օլիգարխը միայն այդպես «կուղղվի»:

Երեկվա դատական նիստում ելույթ էր ունեցել Խոդորկովսկու մայրը` նշելով, թե իր որդուն անազատության մեջ պահելը «նպատակահարմար քայլ չի համարում»:

«Որդիս մանկատուն է հովանավորում` Բեսլանի ողբերգությունից տուժած երեխաներն են նրանք հիմնականում, այժմ նպատակ ունենք Օսիայում որբացած մանուկների խնամքը ստանձնել», - ասել էր Մարիա Խոդորկովսկայան: - «Եվ ձեր սթափությամբ է պայմանավորված` կիրականանա՞ն արդյոք մեր ցանկությունները»:
Խոդորկովսկին արդեն իսկ նշել է, որ վաղակետ ազատ արձակման դեպքում այլեւս չի պատրաստվում շարունակել նավթային բիզնեսը, այլ պատրաստվում է միմիայն բարեգործությամբ զբաղվել:

«Ես ազատության մեջ ավելի շատ օգուտ կտամ պետությանը, քան այստեղ` գաղութում», - հայտարարել է նա: - «Ես օրինապահ մարդ եմ եւ ազատազրկման մեջ գտնվելուս գրեթե 5 տարվա ընթացքում դա ապացուցել եմ»:

Խոդորկովսկին կալանավորվել է 2003 թվականին` պետական ունեցվածքի յուրացման եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել:

ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավարը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG