Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը այսօր հայտարարեց, որ եթե Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ գա Երեւան` սեպտեմբերի 6-ին երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը դիտելու, Դաշնակցությունը կանցկացնի Թուրքիայի դեմ ուղղված ակցիաներ:

«Եթե Թուրքիայի նախագահ Գյուլը գա խաղը դիտելու, ապա նաեւ Թուրքիայի դեմ ուղղված կոչեր, հանրահավաքներ եւ այլ կարգի միջոցառումներ կլինեն, բայց դա չի լինի միայն Դաշնակցության արածը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դաշնակցության ղեկավար անդամը: - «Մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, եւ այդ խնդիրների լուծումը առնչվում է ոչ թե անցյալին, այլ ապագային»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես այդ ակցիաներին կվերաբերի Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրած Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը միշտ եղել է ինքնուրույն քաղաքական ուժ, եւ այն հարցերի վերաբերյալ, որ ցանկացել է դիրքորոշում արտահայտել, արտահայտել է այդ դիրքորոշումը` անկախ նրանից, թե ով ինչ կմտածի: Մենք նման խնդիր չունենք հանրապետության նախագահի հետ քննարկելու, թե եթե մենք քայլեր կատարենք, ինչ դիրքորոշում կունենա նախագահը»:

Թուրքիայի նախագահը, հիշեցնենք, առայժմ պաշտոնապես չի արձագանքել Հայաստանի նախագահի հրավերին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG