Մատչելիության հղումներ

«Հարկային ծառայությունն աշխատում է չափազանց վատ: Վատ` մասնագիտորեն, վատ` մարդկային եւ բարոյական նորմերի տեսանկյունից, եւ այսպիսի վիճակն այլեւս անհանդուրժելի է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր հարկային եւ մաքսային համակարգի ղեկավար կազմին ներկայացնելով կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Վահրամ Բարսեղյանին հարկային պետական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին երեկ ստորագրած հրամանագրի առնչությամբ նախագահը հիշեցրել է, որ դեռեւս օգոստոսի 1-ին հարկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ եթե այս ամսվա ընթացքում ծառայության աշխատանքում չլինեն էական տեղաշարժեր, ապա երկուստեք հետեւություններ պետք է արվեն: Ըստ Սերժ Սարգսյանի, անցած 20 օրերի ընթացքում ոչ միայն էական փոփոխություններ չգրանցվեցին, այլեւ` չերեւաց, որ հարկային ծառայության ղեկավարությունն ունի փոփոխություններ կատարելու ցանկություն եւ գիտակցում է դրանց կարեւորությունը:

«Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ` ավելի վատ», - հայտարարել է նախագահը եւ հավելել. - «Սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»:

Անդրադառնալով նորաստեղծ պետեկամուտների կոմիտեին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հարկային եւ մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց` որոշակի փոփոխություններով: «Վստահ եմ, որ այս կառույցի աշխատանքը կարողանալու ենք համապատասխանեցնել այսօրվա մեր տնտեսության, եւ ընդհանրապես, ժամանակակից պահանջներին», - ասել է նա:

Նախագահի երեկվա հրամանագրերով մաքսային պետական կոմիտեն եւ հարկային պետական ծառայությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել են կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, որի նախագահ է նշանակվել Գագիկ Խաչատրյանը:

Մինչ նոր նշանակումը Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում էր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG