Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը հաստատեց կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը


Եռօրյա բուռն քննարկումներից հետո Ազգային ժողովը հինգշաբթի օրը ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը` այդ թվում հարկային վարչարարության բարելավմանն ուղղված փաթեթը եւ Սեւանից ջրառի ավելացման մասին փոփոխությունը համապատասխան օրենքում:

Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներն ու ցույցերը, մասնագետների մտահոգ հայտարարությունները հատկապես Սեւանին սպառնացող վտանգի մասին, կարելի է ասել, որեւէ ազդեցություն չգործեցին պատգամավորների որոշման վրա. օրինագծին դեմ քվեարկեցին միայն «Ժառանգություն» խմբակցությունից 4 պատգամավորներ:

Դաշնակցության պատգամավորները կողմ քվեարկեցին` կառավարության առջեւ որոշակի պայմաններ դնելուց հետո:

«Մեր պայմանները թելադրված են անելանելի վիճակով: Կառավարության բերած փաստարկները` կապված միայն ոռոգման խնդրի հետ, իսկապես պրոբլեմատիկ են», - ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: - «Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը Հարավային Կովկասում կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ մեր տնտեսական զարգացման տեմպերի վրա: Պարզ է նաեւ, որ կառավարությունը այս պայմաններում փորձում է առնվազն գյուղատնտեսական ասպարեզում փրկել իրավիճակը... Ուրիշ ելք կառավարությունը չունի, եւ հենց սա է, որ մեզ մտահոգում է: Հասկանալի է, որ` նաեւ էկոլոգներին: Հենց այդ պատճառով էլ ձեւավորվեցին մեր երեք առաջարկությունները»:

Այդ առաջարկություններն են` բյուջեում մի քանի անգամ ավելացնել Սեւանի զարգացմանը հատկացվող գումարները, վերամշակել եւ վերահաստատել Սեւանի զարգացման ծրագրերը եւ ամբողջությամբ վերակառուցել ոռոգման համակարգը:

Կառավարության ներկայացուցիչը` Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, մինչեւ քվեարկությունը իր ելույթում կրկին պնդեց, որ փոփոխությունը բացառապես ոռոգման խնդիրները կարգավորելու նպատակ է հետապնդում: Նա հայտնեց, թե երկրի ջրամբարներում 3-4 օրվա ջրի պաշար է մնացել:

«Ես դարձյալ չեմ հավատում, որ խնդիրը դրված է հօգուտ գյուղատնտեսության: Խնդիրը այլ ոլորտում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: - «Համոզված եմ, որ այդպիսի պահանջարկ չկա... Ուզում եմ ասել, որ խնդիրը բարոյական ոլորտում է: Մենք հերթական անգամ խախտեցինք գլոբալ, տիեզերական օրենքը, խախտեցին բարոյական վերաբերմունքը բնության նկատմամբ»:

Հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթին նույնպես դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG