Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է Հրաչ Մելքումյանի նկատմամբ բռնարարքը


«Ժառանգություն» կուսակցությունը եւ Ազգային ժողովի համանուն խմբակցությունը խստորեն դատապարտում են «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի նկատմամբ օգոստոսի 18-ի երեկոյան Երեւանի կենտրոնում իրականացված բռնարարքը:

«Հրաչ Մելքումյանի նկատմամբ տեղի ունեցածը լավագույնս է բնութագրում ցինիզմի ու անպատժելիության մեծ չափաքանակ ստացած մեր պետությանը. Երեւանի կենտրոնում` մարդաշատ վայրում, վարձկանը «ընթերցում եւ իրականացնում» է իր եւ պատվիրատու-տերերի դատավճիռը բազմակարծության, տարբերվող տեսակետի նկատմամբ, անպատժելիության նրա համոզվածությունն այնքան հիմնավոր է, որ նա դրանից հետո շարունակում է անխռով նստած մնալ դեպքի վայրում, անցորդները կրավորական կեցվածք են ընդունում իրենց կողքին կատարվող ծեծկռտուքի, բարձրաձայն հայհոյանքների նկատմամբ», - ասված է «Ժառանգության» հայտարարությունում: - «Սա սպառնում է լինել այն միջավայրը, որտեղ ապրելու ենք մենք բոլորս ու մեր երեխաները»:

«Ավաղ, իշխանությունները սովորական դարձած անգործությամբ իրենց դուրս են դրել հանրային հաշվետվողականության, օրինականության շրջանակներից եւ շարունակում են «դիտորդական առաքելություն» իրականացնել այն երկրում, որտեղ իրենց հռչակել են ժողովրդի վստահությունը ստացածներ եւ նրա կամքը իրականացնողներ: Իսկ ազատ խոսքի, լրագրողների նկատմամբ բռնություններն արդեն դարձել են պարբերական եւ «սովորական» երեւույթ», - ընդգծում է «Ժառանգություն»-ը` իրավապահ մարմիններին կոչ անելով առաջիկայում բացատրություններ ներկայացնել հանրությանը լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքի, դրանք իրականացնողների ու կազմակերպիչների մասին, իսկ հանրությանը` ընդվզել ազատ խոսքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ:

Լրագրողների նկատմամբ բռնության կիրառման հաճախակի դարձած դեպքերը խստորեն դատապարտել է նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունը:

«Ակներեւ է, որ յուրաքանչյուր նման արարքի հեղինակին չհայտնաբերելով ու չպատժելով, այդ պատժին հրապարակայնություն չտալով, անպատժելիությունից օգտվելով կրկնվում են լրագրողի մասնագիտական գործունեությունը վայրագ ձեւով խոչընդոտող նոր դեպքեր», - այսօր հայտարարել է Ժուռնալիստների միությունը` ակնկալելով «պատկան մարմինների արագ արձագանքը հանցագործներին հայտնաբերելու եւ պատժելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG