Մատչելիության հղումներ

Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղի հետ կապված` իրավապահները ուժեղացված ծառայություն կիրականացնեն


Հաշվի առնելով սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղին թուրք ֆուտբոլասերների ժամանման հնարավորությունը` Հայաստանի կառավարությունը այսօր հանձնարարել է ոստիկանության պետին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սեպտեմբերի 1-11-ը կազմակերպել ուժեղացված ծառայություն եւ միջոցներ ձեռնարկել հասարակական կարգի պահպանման ուղղությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ֆուտբոլասերներին կենցաղային ժամանակավոր պայմաններով ապահովելու, հանրային սննդի ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու, շտապ օգնության, այլ քաղաքային կազմակերպությունների անխափան աշխատանքն ու մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը կազմակերպելու համար:

Քաղաքապետին հանձնարարվել է նաեւ զանգվածային հրապարակային միջոցառումների վերաբերյալ իրազեկումները քննարկելիս հաշվի առնել խաղի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությամբ պայմանավորված` հասարակական կարգի առավել խիստ պահպանության անհրաժեշտությունը:

Անցած շաբաթ կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից մինչեւ 6-ը Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել Հայաստան առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ` նրանց հնարավորություն ընձեռելով ներկա գտնվել ֆ?ուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիա հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG