Մատչելիության հղումներ

Լրացավ խորհրդային բանակի Չեխոսլովակիա ներխուժման 40 տարին


Ուղիղ 40 տարի առաջ` 1968 թվականի օգոստոսի 21-ին, խորհրդային բանակի, Վարշավյան պայմանագրի մյուս պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժեցին Չեխոսլովակիայի տարածք` տապալելով Ալեքսանդր Դուբչեկի կառավարությունը, որը մի քանի ամիս շարունակ սոցիալիստական այս երկրում փորձում էր բարեփոխումների լայնամասշտաբ ծրագիր իրականացնել:

Ռուսաստանցի իրավապաշտպանները խորհրդանշական են համարում, որ լճացման տարիների սկիզբն ազդարարած այս տխուր տարելիցը Ռուսաստանն այսօր նշում է փաստացի պատերազմի պայմաններում:

Մոսկովյան Հելսինկյան ընկերակցության ղեկավար` երկար տարիներ խորհրդային ճամբարներում անցկացրած Lյուդմիլա Ալեքսեեւան զուգահեռներ է անցկացնում 1968-ի Պրահայի եւ 2008-ի Վրաստանի միջեւ. - «Ինչպես եւ Չեխոսլովակիայի դեպքում` Վրաստանում էլ, մենք այս ներխուժմամբ վիրավորել ենք նախեւառաջ մեր բարեկամներին, կորցրել ենք նրանց համակրանքն ու վստահությունը: Այն հետեւանքները, որոնց բախվելու ենք Վրաստանում, լինելու են նույնը, ինչ Չեխոսլովակիայում էին: Մենք մեկընդմիշտ կորցնելու ենք Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը»:

1968 թվականին ներխուժումը Չեխոսլովակիա հրապարակայնորեն հանդգնեցին դատապարտել խորհրդային քաղաքացիներից շատ քչերը: Օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում բողոքի ցույցի դուրս եկավ ընդամենը 7 հոգի: Մոսկվացի իրավապաշտպաններն ու քաղաքագետները արձանագրում են` պատմությունը կարծես կրկնվում է, օգոստոսի 8-ից ի վեր Ռուսաստանի տարածքում որեւէ խոշոր հակապատերազմական ակցիա չի կազմակերպվել:

Ռուսաստանցի ամենահայտնի երիտասարդ քաղաքական գործիչներից մեկի` «Յաբլոկո» կուսակցության երիտասարդական թեւի նախկին ղեկավար Իլյա Յաշինի պնդմամբ` պատճառը, նախեւառաջ, երիտասարդների պասիվությունն է:

«Մեր հայրերը վերացրին այն երկաթե վարագույրը, որը շրջապատում էր Խորհրդային Միությունը: Պետք չէ մոռանալ, որ օգոստոսյան այս օրերին մենք հիշում ենք ոչ միայն Պրահա ներխուժման դեմ բողոքող այլախոհների մասին, այլեւ 1991 թվականին «Գեկաչեպե»-ի տանկերի դեմ դուրս եկած անզեն մարդկանց: Իմ սերունդը, սակայն, ցինիզմ ու հարմարվողականություն է ցուցաբերում, ինչը հույս է ներշնչում, որ մեր զավակները գոնե ռոմանտիկներ կլինեն», - նշում է երիտասարդ ռուս գործիչը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG