Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազիան Ռուսաստանին դիմում է իր անկախությունը ճանաչելու կոչով


Սուխումիի կենտրոնական հրապարակում` Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ, այսօր նախատեսվում է բազմամարդ հանրահավաք ի պաշտպանություն երկրամասի ղեկավարների վերջին որոշման` Ռուսաստանին դիմել Աբխազիան որպես ինքնիշխան պետություն ճանաչելու եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կոչով:

Չճանաչված հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշի համապատասխան դիմումը Ռուսաստանին Աբխազիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երեկվա արտահերթ նիստում` միաձայն:

«Մենք ոչ մի դեպքում չպետք է Վրաստանի հետ ապրենք միեւնույն պետության մեջ, մանավանդ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հարավային Օսիայում», - հայտարարել է Աբխազիայի նախագահը:

Ըստ կոչ-դիմումի` Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ստորագրվելու է գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ համաձայնագիր, որում պետք է ամրագրվի Աբխազիայում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության վերաբերյալ դրույթ, ըստ ձեւակերպման` «խաղաղություն հաստատելու եւ երրորդ ուժի հարձակումը թույլ չտալու նպատակով»:

«Հարավային Օսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ միայն Ռուսաստանը կարող է պաշտպանել փոքր ժողովուրդներին Վրաստանի ցեղասպանությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբան: - «Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի կասեցնի այդ գործողությունները, եւ այժմ էլ քայլեր է ձեռնարկում հումանիտար աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ»:

Աբխազիայի խորհրդարանը երեկ նաեւ աշխարհի մյուս երկրների խորհրդարաններին եւ ժողովուրդներին է կոչ արել ճանաչել երկրամասի անկախությունը:

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին, իր հերթին, հայտարարել է, որ իրենք եւս մտադիր են հետեւել Աբխազիայի օրինակին:

Երկու ինքնահռչակ հանրապետությունները նախկինում էլ բազմիցս դիմել են Ռուսաստանին ու միջազգային հանրությանը իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով, սակայն դրական պատասխան այդպես էլ չեն ստացել:

Այս անգամ, սակայն, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը պատրաստակամություն է հայտնել ճանաչել երկու տարածաշրջանների անկախությունը: Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, մասնավորապես, երեկ հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահը համապատասխան որոշում կայացնի, ապա իրենք կճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Հաջորդ շաբաթվա սկզբին Ռուսաստանի Պետդուման արտահերթ նիստ է հրավիրել` Աբխազիայի նախագահի դիմումը քննարկելու համար:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG