Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը նկարագրում է. - «Երեկ ողջ Երեւանը ցնծության մեջ էր. Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղն ավարտվել էր մեր թիմի հաղթանակով: Խաղի վերջին րոպեներին խփած երկու գոլերով հայ ֆուտբոլիստները սոսկ ֆուտբոլային հաղթանակ չտարան, այլ սպեղանի դրեցին հայ ազգայնականների վերքերին»: «Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն իսկական մարզական սխրանք գործեց», - գնահատում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Ասենք, երեկ հերոս էին բոլորը, այդ թվում՝ եւ երկրպագուները, որոնք Երեւանի փողոցներում խելահեղ ուրախությամբ նշեցին հաղթանակը»։ Իսկ «Հայկական ժամանակ»-ը մատուցում է. - «Այն, ինչ տեղի ունեցավ խաղից հետո, անսպասելի էր թերեւս բոլորի համար եւ դժվար է նկարագրել բառերով: Ոգեւորված դուրս գալով մարզադաշտից, ֆուտբոլասերների մեծ մասը ոտքով եւ ավտոմեքենաներով, «Հաղթանակ», «Հայաստան» վանկարկումներով ուղղվեց դեպի Հյուսիսային պողոտա: Տասնյակ եւ հարյուրավոր ֆուտբոլասերներից կազմված տարբեր խմբեր, իրարից անկախ, մտնում էին Հյուսիսային պողոտա, եռագույնները թափահարելով հասնում պողոտայի սկզբնամասում արդեն շուրջ մեկուկես ամիս նստացույց անող մեր համաքաղաքացիներին: Տասնյակ ավտոմեքենաներով ֆուտբոլասերները եւս ձգտում էին դեպի Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման կետը, որպեսզի պարզած բռունցքներով, եռագույններով եւ մեքենաների ազդանշաններով ողջունեն նստացուցավորներին»:

Անդրադառնալով Հարկային պետական ծառայությունը եւ Մաքսային պետական կոմիտեն միաձուլելու մասին Հայաստանի նախագահի հրամանագրին, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Վերջին շրջանում մաքսայինը գերակատարում էր բյուջեի պլանը, իսկ հարկայինը` թերակատարում: Յուրաքանչյուր ամսվա վերջին հարկայինի խայտառակությունը կոծկելու նպատակով մաքսայինի հավելյալ հավաքագրած գումարների մի մասը հաշվանցվում է հարկայինի հաշվին: Գերատեսչությունների միաձուլմամբ այլ խնդիրների շարքում կլուծվի նաեւ սա, հաշվանցումների կարիք այլեւս չի ծագի»: «168 ժամ»-ի մեկնաբանը իր հերթին հեգնում է. - «Հարկային եւ մաքսային ծառայությունները հերթական անգամ միավորվեցին երեւի այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը «անջատողական» անունը չկպչի»:

Անդրադառնալով տոնավաճառներում հաշվիչ դրամարկղային մեքենաների տեղադրման վերաբերյալ կառավարության որոշմանը` «Ազգ»-ը գրում է. - « Այս ոլորտը հարկման դաշտ բերելու` Հայաստանի իշխանությունների տարբեր ժամանակներ ձեռնարկած քայլերը անարդյունք են եղել, քանի որ տոնավաճառների կազմակերպիչների (սեփականատերերի) դրդմամբ հազարավոր առեւտրականներ դուրս են եկել բողոքի ցույցի կառավարության եւ Ազգային Ժողովի շենքերի առջեւ: Նրանց՝ ըստ էության հարկային դաշտից դուրս մնալու պահանջը իրենց շահերի համար օգտագործել են տարբեր քաղաքական ուժեր եւ մասնավորապես Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիրը»... Քաղաքական կամքը ցուցաբերված է, եւ եթե չլինեն սեփական քաղաքական շահերին այս հարցը ծառայեցնելու ցանկություն ունեցողներ, ապա մանրածախ շրջանառության գերակշիռ մասն արդեն այս տարի որոշակիորեն կարձանագրվի եւ համապատասխան մուտքեր կարվեն պետական բյուջե: Տոնավաճառային ապրանքաշրջանառությունը հարյուր միլիարդավոր դրամների է հասնում եւ կազմում երկրի ընդհանուր շրջանառության մեծ մասը՝ 50-80 տոկոսը տարբեր հաշվարկներով եւ աղբյուրներով»:

«Հարկային-մաքսային համակարգում առկա էին բազմաթիվ թերություններ, որոնք վերանայման կարիք ունեին։ Հատկապես տնտեսական մրցակցության ապահովման եւ հավասար դաշտի ձեւավորման ոլորտում այս երկու կառույցների դերը չափազանց մեծ է։ Մինչդեռ, գաղտնիք չէ, թե այդ առումով ինչպիսին է վիճակը Հայաստանում։ Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ այս երկու կառույցները գործում էին իրարից անկախ՝ երբեմն հնարավորություն ստեղծելով, ինչպես ստվերային տնտեսության ձեւավորման, այնպես էլ անհավասար մրցակցային հարաբերությունների խորացման համար», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: «Հրապարակ»-ը, իր հերթին, գրելով, թե միավորված գերատեսչության ղեկավար է նշանակվել մաքսայինի արդեն նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, հիշեցնում է. - «Սա այն անձն է, որին «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարությունը հրապարակավ մեղադրում էր կաշառակերության մեջ»:

«Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում «Ազատություն» ռադիոկայանի գործադիր խմբագիր Ջոն Օ’Սալիվանն ասում է. - «Նույնիսկ այն կառավարությունները, որ ցանկանում են վերահսկել մամուլը, չեն կարող դա անել, եւ նրանք ստիպված են ապրել ավելի ժամանակակից աշխարհում, քան իրենք են ցանկանում»:

Այսօրվա թերթերի մի մասը տպագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Ա1+»-ի հետ, ուր նախկին նախագահն անդրադառնում է տարածաշրջանային վերջին զարգացումներին: «168 ժամ»-ում այդ հարցազրույցից մեջբերված է. - «Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից: Դա պետք է նրան ստիպի իրական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG