Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց` ընդդեմ Սեւանից ջրառի ավելացման


Մինչ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկում էին Սեւանա լճից բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակը 360 միլիոն խորանարդ մետր (240 միլիոն խորանարդ մետրի փոխարեն) սահմանելուն վերաբերող օրինագիծը, բնապահպաններն ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր եւս բողոքի ակցիա էին անցկացնում Ազգայի ժողովի շենքի մոտ:

«Ինչո՞ւ չի ծփում Սեւանը», «Բնությունը մենք ենք, եկեք չչորացնենք» ինքներս մեզ», «Շահույթը` անհատներին, ավերված բնությունը` ժողովրդին». այսպիսի ցուցապաստառներով ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի մուտքի մոտ:

«Բացի նրանից, որ պահանջում ենք Ազգային ժողովից դադարեցնել այս օրենքի ընդունումը, նաեւ իրազեկում ենք բնակչությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Transparency International կազմակերպության անդամ Իրինա Կարապետյանը:

Շարունակելով Կարապետյանի միտքը` Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Հրայր Սավզյանը ասաց, որ ակցիայի մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե մարդիկ իրազեկ լինեին. - «Մարդիկ հակադիր կարծիքը չգիտեն: Հեռուստաընկերություններով ոչ մի այլընտրանքային կարծիք չի հայտնվում Սեւանի խնդրի, Թեղուտի խնդրի վերաբերյալ»:

Նրա խոսքով, «լուրջ էկոլոգները» ասում են, թե «պարզապես սակավաջուր տարի է». - «Մենք ունեցել ենք 2000, 2006 թվական, որ իսկապես երաշտ է եղել, Սեւանից ավելորդ ջուր բաց չի թողնվել... Մեր պարտքն է այսօր բարձրաձայնել բնապահպան անկախ էքսպերտների կարծիքները, հիմքերը, փաստերը, որոնք իշխանությունները անտեսում են»:

Օրինագծի քննարկումը խորհրդարանում սկսվեց կեսօրին: Կառավարության ներկայացուցիչը` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ջրառի ավելացման անհրաժեշտությունը հիմնավորեց նրանով, որ հավելյալ բաց թողնվելիք ջուրը ծառայելու է գյուղատնտեսական նպատակների:

Մասնագետներից ոմանք եւ որոշ պատգամավորներ, սակայն, պնդում են, թե նպատակներն այստեղ բոլորովին այլ են, այդ թվում` «լճի մակարդակի բարձրացումը վտանգում է ափամերձ մասնավոր շինությունները»:

Քննարկմանը ներկա էին նաեւ մասնագետներ, որոնց պնդմամբ, Սեւանի մակարդակի իջեցումը վտանգավոր է ոչ միայն Սեւանի համար:

«Սեւանը իջեցնելով` մենք Երեւանի կլիման ենք փոփոխում», - ասաց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: - «Այս պայմաններում, երբ ունենք կլիմայի տաքացում, մենք պետք է ավելի շատ մտահոգված լինենք Սեւանը բարձրացնելու մասին, ոչ թե իջեցնելու»:

Քննարկումները կավարտվեն վաղը, եւ օրինագիծը կդրվի քվեարկության:


Կարինե Քալանթարյան եւ Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG