Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում կքննարկի տարածաշրջանային իրավիճակը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր մեկնել է Ադրբեջան` քննարկելու ռուս - վրացական հակամարտությունը, որը տարածաշրջանային անկայունության մտավախություններ է հարուցում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` մեկնումից առաջ թղթակիցների հետ զրույցում Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկելու է Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի առաջարկը: Այդ պլատֆորմում առաջարկվում է ընդգրկել Հարավային Կովկասի երեք պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանը:

«Մենք կենսականորեն շահագրգռված ենք տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության հաստատմամբ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ընդգծելով, որ թուրք պաշտոնատարները ծրագրում են շփումներ նաեւ հայաստանցի գործընկերների հետ, Էրդողանը փոխանցել է, որ արտգործնախարար Ալի Բաբաջանը այս շաբաթ խոսելու է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ինչից հետո կհստակեցվի Հայաստանի հետ շփումների ձեւաչափը»:

Տարածաշրջանային պլատֆորմի գաղափարը Թուրքիայի վարչապետը քննարկել է նաեւ անցած շաբաթ Մոսկվա եւ Թբիլիսի կատարած այցերի ընթացքում:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օրերս հայտարարել էր, թե Թուրքիան տարածաշրջանի որեւէ երկրի «թշնամին չէ», եւ ընդգծել, որ ռուս - վրացական հակամարտությունը ցույց տվեց Կովկասում «սառեցված» հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Զաման» օրաթերթի խնդրանքով մեկնաբանելով Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությունները` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Հայաստանը միշտ կողմ է եղել երկխոսության եւ բանակցությունների, հատկապես, այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանում համագործակցությանը եւ անվտանգությանը: Ողջունելի է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` այդ խնդիրների շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մտադրության վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG