Մատչելիության հղումներ

Այսօր Նյու Յորքում «Ռոյթերզ» լրատվական գործակալությունն ու հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Zogby International ընկերությունը կհրապարակեն Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Ջոն ՄըքՔեյնի եւ Բարաք Օբամայի վերջին վարկանիշային տվյալները: Մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն` եթե հուլիսի վերջին Օբաման մոտ 7-8 տոկոսով առաջ էր իր մրցակցից, ապա այժմ նրանց վարկանիշները գրեթե հավասարվել են:

ՄըքՔեյնի շտաբը հմուտ մարտավարություն կիրառեց հատկապես վերջին մի քանի շաբաթներին: Քանի դեռ Բարաք Օբաման արձակուրդում էր, ՄըքՔեյնն անցավ յուրատեսակ հակահարձակման` ընտրողների ուշադրությունը ամերիկյան ներքին խնդիրներից շեղելով դեպի միջազգային հարցերը: Մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքով հայտնի ՄըքՔեյնը մի քանի օր շարունակ պարբերաբար անդրադառնում էր Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

«Բռնություն կիրառելով Վրաստանի դեմ` Ռուսաստանը նպատակ ունի ահաբեկել նաեւ իր այն հարեւաններին, որոնք որպես զարգացման հիմք ընտրել են արեւմտյան տնտեսական ու քաղաքական արժեքները: Վրաստանի, ինչպես նաեւ նորանկախ մյուս պետությունների ճակատագիրը պետք է մեծապես մտահոգի շարքային ամերիկացիներին», - հայտարարել է ՄըքՔեյնը:

Նախընտրական ելույթներում ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուն չէր խուսափում նաեւ Ռուսաստանի ղեկավարներին ուղղված սպառնալիք-զգուշացումներից. - «Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն ու վարչապետ Պուտինը պետք է հասկանան, թե ինչ երկարաժամկետ հետեւանքներ կարող են ունենալ այն քայլերը, որոնց դիմում է ռուսական ղեկավարությունը: Այդ հետեւանքները զգացվելու են հատկապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններում»:

Օբամայի պատասխանն իր բնույթով թեեւ նույն ուղերձն էր պարունակում` խստությամբ համարժեք չէր: Նախագահության դեմոկրատ թեկնածուն օգոստոսի 9-ին ստիպված էր ընդհատել իր արձակուրդը` հանդես գալով ի պաշտպանություն Վրաստանի:

«Շատ կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ համատեղ կարողանա անել հնարավորը այս հակամարտությանը վերջ տալու համար: Ես խստորեն քննադատում են Վրաստանի ինքնիշխանության ցանկացած ոտնահարում, այդ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանված լինի», - հայտարարել է Օբաման:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG