Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրով. «ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հայտարարությունը կանխակալ է»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը ոչ օբյեկտիվ եւ կանխակալ է որակել երեկ Բրյուսելում կայացած հրատապ հավաքի արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ընդունած հայտարարությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ դաշինքը «սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ ռուսական զորքերն անհապաղ պետք է դուրս գան Վրաստանի տարածքից», եւ որ «ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող փոփոխություններ չկրել»:

«Ռուսաստանը ոչ մեկին չի բռնազավթում, չի պատրաստվում բռնազավթել, մենք որեւէ մեկի տարածքները բռնակցելու ծրագրեր չունենք: Մենք ընդամենը մեր խաղաղապահների ուժերով իրականացնում ենք այն գործառույթները, որոնք նրանց են վերապահված համաձայնագրով: Ի դեպ, այն համաձայնագրով, որի տակ դրված են հակամարտող կողմերի ստորագրությունները, այդ թվում` Վրաստանինը», - վստահեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Lավրովը հայտարարել է, որ Վրաստանի տարածքից ռուսական զորքի դուրսբերման գործընթացն արդեն 3-4 օրից կավարտվի:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով` արդեն իսկ պարզ էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների տեսակետը հակամարտության մասին, «երբ ամենաբարձր մակարդակով որեւէ հանդիպման չսպասելով, այդ երկրները լիովին կանխակալ իրենց մոտեցումները ներկայացրին»:

«Կարծում եմ, մենք դրանից համապատասխան եզրահանգումներ կանենք», - հավելել է Լավրովը:

Նա նաեւ բրյուսելյան երեկվա հանդիպման ժամանակ հնչած առանձին հայտարարությունների էլ է պատասխանել` մասնավորապես, ասելով. - «Ուղղակի զարմացած եմ` լսելով ձայներ այն մասին, որ եթե Բուխարեստում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Վրաստանին տրվեր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ Գործողությունների ծրագիրը, ամեն ինչ այլ ձեւով կընթանար: Երեւի նման մտքեր արտահայտողները կարծում էին, թե Գործողությունների ծրագրի առկայության դեպքում վրացական զորքերը ավելի արդյունավետ կռմբակոծեին խաղաղ Ցխինվալը»:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG