Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը


Երկուշաբթի երեկոյան Երեւանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը:

Հրաչ Մելքումյանը հարձակումը կապում է իր մասնագիտական գործունեության հետ. - «Մասնավորապես այն աշխատանքի, որ ես կատարում եմ այստեղ այս մեկ ամսվա ընթացքում: Դա ես կապում եմ մեր ռադիոկայանի, մեր ծրագրերի եւ մեր հեռարձակումների հետ: Որովհետեւ հենց այդ տղամարդը, հարձակվողը հայհոյում էր «Ազատություն» ռադիոկայանին, մեր հաղորդումներն ու ծրագրերը»:
Հրաչ Մելքումյանը մշտապես աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում: Վերջին մեկ ամիսը երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն է:

Հարձակման կապակցությամբ երեկ հայտարարություն է արել «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

«Ակնհայտորեն սա պատահական միջադեպ չէ, այլ դիտավորյալ հարձակում մեր աշխատողների եւ մեր ծրագրերի վրա: Առաջին անգամ է, որ Հայկական ծառայությունը ֆիզիկական հարձակման է ենթարկվում մեր հաղորդումների համար, եւ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները մանրակրկտորեն կհետաքննեն եւ իրավիճակից բխող արագությամբ ու լրջությամբ կարձագանքեն այս հարձակմանը», - Ջեֆրի Գեդմինի խոսքերն է փոխանցում երեկ տարածված մամլո հաղորդագրությունը:

Տեղի ունեցածի կապակցությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը:

«Բնական է, որ «Ազատություն» ռադիոկայանը, լինելով անկախ լրատվության կղզյակ ամբողջությամբ վերահսկվող էլեկտրոնային լրատվամիջոցների մեր այսօրվա միջավայրում, սարսափեցնում է իշխող վարչախմբին իր անաչառ տեղեկատվությամբ: Հատկապես հետմարտիմեկյան լրատվական շրջափակման մեջ «Ազատությունը» հասարակության լայն շերտերի համար դարձավ ճշմարիտ տեղեկատվություն ստանալու եթե ոչ միակ, ապա հազվագյուտ աղբյուրներից մեկը», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում:

Դատապարտելով ոտնձգությունը լրատվամիջոցի եւ լրագրողի հանդեպ, համարելով այն քաղաքական պատվեր եւ լրագրողների նկատմամբ ահաբեկումների շղթայի մեկ մաս, Հայ ազգային կոնգրեսը վստահեցնում է, որ «հանցագործության բոլոր պատասխանատուները, կազմակերպիչներից մինչեւ իրականացնողներ, վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առաջ»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG