Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը այսօր բացված արտահերթ նստաշրջանի առաջին նիստում սկսեց քննարկել կառավարության ներկայացրած հարկային փաթեթում ընդգրված օրենսդրական փոփոխությունները: Նիստի ժամանակ Ազգային ժողովի շենքի մոտ անցնում էր փոքր ձեռներեցների բողոքի ցույցը:

Խորհրդարանում փոփոխությունները ներկայացնող Հարկային տեսչության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը ասաց, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում` կարգ ու կանոն հաստատել երկրում գործող ավելի քան 370 շուկաներում եւ տոնավաճառներում:

Նրա խոսքով, փոփոխություններն առավելապես ուղղված են մեծածախ առեւտրով զբաղվող ձեռներեցներին հարկային դաշտ բերելուն:

Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում 2009 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելիք հարկային վարչարարության բարեփոխումները ենթադրում են, որ առաջին հերթին հարկային մարմինները խստագույնս հետեւեն, որպեսզի պահպանվեն գործարքների փաստաթղթավորման պահանջները, խստացվելու խախտումների համար նախատեսվող պատժամիջոցները եւ ավելանալու են պատժաչափերը: Շուկաների նկատմամբ պահանջները դրվելու են կազմակերպիչների եւ ոչ թե փոքր ձեռնարկատերերի վրա:

Ազգային ժողովի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարները բողոքում էին ընդդեմ այն փոփոխության, որի արդյունքում տոնավաճառներում պիտի պարտադիր դառնան հաշվիչ դրամարկղային մեքենաները:

«Մենք փողոցում կանգնում ենք: Ձմեռը կանգնում եմ, ամառը կանգնում եմ, արեւին կանգնում եմ, ցրտին կանգնում եմ… Ինձ 2-3 հազար դրամ գումար է մնում, ես ունեմ երկու անչափահաս երեխա», - զայրացած ասաց ցուցարարներից մի տղամարդ. - «Եթե որոշեն էլ, անձամբ ես այդ հաշվիչը բերելու եմ հրապարակի մեջտեղը ու ջարդեմ»:

Բողոքավորների ներկայացուցիչներին Ազգային ժողովի շենքում ընդունեցին Հարկային տեսչության ներկայացուցիչները:

Հարկային փաթեթի քննարկումները խորհրդարանում կշարունակվեն վաղը:


Կարինե Քալանթարյան եւ Լիլիթ Հարությունյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG