Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի գործող թաղապետ Մհեր Սեդրակյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արայիկ Մատինյանը տեղեկացրեց, որ Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկի դիմումը կքննարկվի առաջիկա երկու օրվա ընթացքում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին անդամակցում է Սեդրակյանը, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, չի քննարկել գործող թաղապետի ինքնաբացարկի անհրաժեշտության հարցը: Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, իր հերթին, ասաց, որ առաջիկայում «Մհեր Սեդրակյանը անձամբ կներկայացնի մեկնաբանություններ»:

Սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտություններում թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է երեկ:

Տաթեւիկ Օհանյանի փոխանցմամբ, Նուբարաշեն համայնքում համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Մհեր Հովհաննիսյանը («Բարգավաճ Հայաստան») եւ Գարիկ Հովսեփյանը (ՀՀԿ): Արաբկիր համայնքում գրանցվել է 4 թեկնածու` Հովհաննես Շահինյանը (ՀՀԿ), Զոյա Թադեւոսյանը («Ժառանգություն»), անկուսակցական Ալբերտ Երիցյանը եւ Աշոտ Մնացականյանը (Հայաստանի առաջադիմական կուսակցություն): Քանաքեռ-Զեյթունում գրանցվել է երեք թեկնածու. Արայիկ Քոթանջյանը (ՀՀԿ), Մանուել Գասպարյանը («Ժողովրդական ուղի») եւ անկուսակցական Վարուժան Մկրտչյանը:

Մհեր Սեդրակյանի ինքնաբացարկից հետո Էրեբունի համայնքում առաջադրված միակ թեկնածուն փոխհամայնքապետ Արմեն Հարությունյանն է (ՀՀԿ):


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG